Նորություններ
Դուք վառ օրինակ եք մեր մյուս աշակերտների համար. պատվոգրեր` դպրոցական առարկայական օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած աշակերտներին
06.05.2026
Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` ուսումնական տարեվերջին մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր անունից պատվոգրեր ու խորհրդանշական նվերներ է հանձնում առարկայական օլիմպիադաներում 1֊3֊րդ տեղերը զբաղեցրած և գովասանագրերի արժանացած մարզի դպրոցականներին։
Այսօր էլ տեղ ունեցավ հերթական խրախուսական հանդիպումը, որին առաջավոր աշակերտների հետ ներկա էին նրանց տնօրենները։
Մարզպետը ողջույնի խոսքում վստահություն հայտնեց, որ ուսման մեջ առաջավոր, սովորելու բարձր մոտիվացիա ունեցող աշակերտներին փայլուն ապագա է սպասվում, և նրանք դառնալու են մեր պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստող մասնագետներ։
«Դուք վառ օրինակ եք մեր մյուս աշակերտների համար, և լիահույս եմ, որ առաջիկա տարիներին օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած մեր աշակերտների թիվն ավելի է մեծանալու»,֊ասաց Սերգեյ Մովսիսյանը։
Մարզպետի հետ զրույցում տնօրենները նշեցին, որ մարզի ղեկավարության կողմից կրթությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունն ու աջակցությունը խրախուսում են թե' մանկավարժներին, թե՜ սովորողներին։
Մարզպետը հորդորեց կրթության ոլորտում մարզի ցուցանիշների բարելավման ուղղությամբ շարունակել հետևողական աշխատանքը։
Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին և մաղթում ուսումնական նոր նվաճումներ։


