Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող 45 դպրոցներին ավելացել են ևս 7-ը, 10 դպրոցների արդիականացման ծրագրեր էլ ներկայացվել են հաստատման

29.04.2026

 Արագածոտնի մարզպետ, մարզխորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ և համայնքապետերի, մարզպետի աշխատակազմի ու մարզի ուժային կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կայացավ մարզխորհրդի՝ 2026 թ․ 2-րդ նիստը։ Նիստում օրակարգային 9 հիմնական հարցերի շրջանակում ներկայացվեցին մարզում աշխատանքային բոլոր ուղղություններով պետական և պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող զարգացման ծրագրերի վերջնական, ընթացիկ և ակնկալվող արդյունքները։

Ողջույնի խոսքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության պետ Գագիկ Սարգսյանին՝ ընդգծելով, որ մարզպետի աշխատակազմ-ԱԱԾ գործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա և հույս հայտնեց, որ համագործակցային աշխատանքը շարունակվելու է՝ ի շահ պետության և հանրության։
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ մարզպետը խոսքը փոխանցեց առաջին զեկուցողին։ Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը ներկայացրեց այս տարվա առաջին եռամսյակում սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման խմբի կատարած աշխատանքների արդյունքը, ապա, օրակարգի 2-րդ հարցի շրջանակում՝ մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերի մասին։
Զեկուցվեց, որ «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում մարզում կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող 45 դպրոցների ցանկում ավելացել են ևս 7-ը, այսինքն, ընդհանուր արդիականացվում է 52 դպրոց։ Այդ թվում՝ 8 դպրոցի արդիականացման ծրագրերն ավարտված են, 32-ը ընթացքի մեջ, 12-ը նախագծանախահաշվային և մրցութային փուլերում են։
Հիմնանորոգվող 7 դպրոցներն են՝ Արտաշավանի, Աշնակի, Արուճի, Բերքառատի, Ավանի, Նորաշենի, Թաթուլի միջնակարգ դպրոցները։
Օրակարգի 4-րդ հարցը համայնքների 2026 թ․ 1-ին եռամսյակի սեփական եկամուտների կատարման վերաբերյալ էր, որը զեկուցեց ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը՝ նշելով, որ 2026 թ․ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը բնականոն հունով է ընթանում, համայնքների ընթացիկ հավաքագրումների մակարդակը բավարար է։
Հաջորդ 3 հարցերի զեկուցողը ՏԿ և ՏԻՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանն էր․ նա ներկաների ուշադրությունը հրավիրեց «Համայնքապետարանների և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների չօգտագործված արձակուրդների», «Համայնքային ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական վերապատրաստումների», «Համայնքներում իրավական և մասնագիտական հսկողության» վերաբերյալ թեմաների վրա՝ ներկայացնելով մանրամասն տեղեկատվություն։ Ըստ զեկուցողի՝ նշված ոլորտներում վերջնական և ընթացիկ արդյունքը գոհացնող է։
Պետական և սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր պատկերը ներկայացրեց քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանը։ Նախորդ տարիների ծրագրերի դիտարկումից հետո, զեկուցվեց, որ 2026 թ․ համար մարզի 8 համայնքները մարզպետի աշխատակազմի հետ քննարկել և ներկայացրել են ընդհանուր շուրջ 26 մլրդ դրամի հասնող սուբվենցիոն ծրագրեր, բայց ընտրվել և միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել 10 մլրդ 452 մլն դրամի 13 ծրագիր, որից 7-ն արդեն հաստատված են։
Պետական ծրագրերի շրջանակում ևս, ըստ զեկուցողի, մարզում ակտիվորեն շարունակվում են մանկապարտեզների, ճանապարհների կառուցման, վերակառուցման, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ ծրագրերի աշխատանքները։
Այս տարվա գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցում ներկայացրեց գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Ղազարյանը։ Զեկուցման սկզբում նա նշեց, որ նախորդ տարիներին կարկուտից տուժած բոլոր հողօգտագործողները ստացել են պետական աջակցություն՝ դրամական օգնության տեսքով։ Տեղեկատվություն ներկայացվեց պետական աջակցության ծրագրերի և այդ ծրագրերի՝ Արագածոտնի մարզի շահառուների վերաբերյալ։ Հատկապես, մարզի հողօգտագործողներն ակտիվորեն դիմել են Բուսաբուծության աջակցության ծրագրի շահառու դառնալու համար․ ունենք 966 դիմում, ընտրված շահառուները պետությունից կստանան ընդհանուր շուրջ 350 մլն դրամի աջակցություն։
Ամփոփելով նիստը՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին և մաղթեց արդյունավետ աշխատանքային շրջան։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 16:40:00