Տպել
Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր․ պաշտոնապես նշանավորվեցին նոր դպրոցների ու մանկապարտեզների բացումները
23.04.2026
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի,նախարարների, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, պաշտոնատար մի շարք անձանց հետ ապրիլի 22-ին Վարչապետը դիտարկեց պետական ֆինանսավորմամբ մարզում ավարտված և ընթացիկ մի քանի ծրագրեր։
Առաջին կանգառը Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրն էր, որտեղ Վարչապետն այցելեց «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով վերակառուցված մանկապարտեզ։
Հաջորդիվ, դիտարկվեց նույն ծրագրով վերանորոգված՝ Ապարան համայնքի Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցը։
«300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում եզդիական Ալագյազ համայնքում կառուցված նոր մոդուլային տիպի մանկապարտեզը ևս Վարչապետի ներկայությամբ պաշտոնապես բացվեց։
Վարչապետի հաջորդ կանգառը Աշտարակ քաղաքում էր, որտեղ նա ծանոթացավ հիմնանորոգվող Տ-1-25,/Մ-3/ Աշտարակ – Փարպի - Ղազարավան տեղական նշանակության 11,5 կմ երկարության ավտոճանապարհի շինաշխատանքների ընթացքին։
Նիկոլ Փաշինյանը եղավ նաև Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրում Կառավարության աջակցությամբ հիմնված դեղձի և կեռասի 10 հա ինտենսիվ այգում, ակնկալվող արդյունքի և զարգացման հեռանկարների շուրջ զրուցեց այգետերերի հետ։
Այցն ամփոփվեց Թալին համայնքի Արագածավան բնակավայրում՝ նոր կառուցված 300 դպրոցներից մեկում՝ Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցի հանդիսությունների դահլիճում աշակերտները Վարչապետին ողջունեցին ՀՀ օրհներգով, այնուհետև շնորհավորանքի խոսք ասացին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեցավ նաև չնախատեսված կանգառներ․ Նոր Եդեսիա և Արտենի բնակավայրերում նա զրուցեց բնակիչների հետ, որոնք շնորհակալական խոսքեր ուղղեցին իրենց բնակավայրերում ծավալուն ներդրումներ և զարգացման ծրագրեր իրականացնելու համար։


