Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի համայնքներում շինարարական եռուզեռը վերսկսվել է, կյանքի են կոչվում զարգացման աննախադեպ ծրագրեր

08.04.2026

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն աշխատանքային այցով այսօր Ալագյազ, Գեղադիր, Նորաշեն, Հնաբերդ, Գեղաձոր, Ծաղկահովիտ, Ծիլքար, Ապարան բնակավայրերում էր, որտեղ հերթական անգամ տեղում դիտարկեց պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացիկ ծրագրերը։

Համայնքային այցին ներկա էին համայնքապետերը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Առաջին կանգառը եզդիական Ալագյազ բնակավայրն էր, որտեղ մարզպետը ծանոթացավ «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով (հատկացվել է 886 մլն 233 հազ դրամ) կառուցված 144 տեղ հզորությամբ մոդուլային մանկապարտեզի վերջին՝ ներքին հարդարման աշխատանքների ընթացքին։ Ալագյազ համայնքի ղեկավար Ջասիմ Մախմուդովը շինարարի հետ ներկայացրեց կատարված աշխատանքը, արձանագրվեցին թերությունները, որոնց հետ կապված տեղում հանձնարարվեց սեղմ ժամկետում վերացնել դրանք։
Հաջորդ կանգառը Գեղադիր բնակավայրն էր, որտեղ պետական նույն ծրագրով կառուցվում է 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ՝ 376 մլն դրամի ներդրմամբ։
Համայնքապետ Նորաին Հակոբյանի հետ մարզպետն ուսումնասիրեց Նորաշեն բնակավայրի գազաֆիկացման աշխատանքները, որոնք իրականացվել են Կառավարություն-համայնք (սուբվենցիոն ծրագիր) ֆինանսավորմամբ։ Առաջիկայում նախատեսվում է մեկ այլ սուբվենցիոն ծրագրով բնակավայրում ընդլայնել գազի ներքին ցանցը, ինչպես նաև սալարկել համայնքային 2 փողոցներ։
Հնաբերդում Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով ընթանում է տեղի նոր դպրոցի կառուցումը, որի շինաշխատանքների ընթացքը ևս այսօր մարզպետի տեսադաշտում էր։ Շինարարների հետ մարզպետի զրույցում գլխավոր թեման բարձր որակով և ողջամիտ ժամկետներում աշխատանքն անելու մասին էր։
288 տեղ հզորությամբ այս դպրոցի կառուցման համար հատկացումը հասնում է 2,2 մլրդ դրամի, ավարտը նախատեսվում է 2028-ին։ Հնաբերդում այս տարի սուբվենցիոն ծրագրերով կսալարկվեն համայնքային 4 փողոցներ, որի նախապատրաստական աշխատանքները ևս այսօրվա քննարկման առանցքում էին։
Գեղաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ, նախատեսվում է պետական ֆինանսավորմամբ կառուցել 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ։
Ծաղկահովիտ բնակավայրում վերսկսվել են Ծաղկահովիտի առողջության կենտրոնի կառուցման աշխատանքները, որի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 382 մլն դրամ։ Շինհրապարակում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը զրուցեց շինարարների հետ, ովքեր խոստացան աշխատանքներն ավարտին հասցնել 2 ամսից։
Հավելեմ, որ Ծաղկահովիտում քննարկվեցին նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսվող ասֆալտապատման աշխատանքները։
Ծիլքար բնակավայրում ևս դիտարկվեց «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով մանկապարտեզի կառուցման ընթացքը։
75 տեղ հզորությամբ նոր մանկապարտեզի համար պետբյուջեից հատկացվել է 390 մլն դրամ։
Վերջին կանգառը Ապարան քաղաքն էր, որտեղ մարզպետը համայնքապետ Կարեն Եղիազարյանի հետ քննարկեց համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերը։
Այցի շրջանակում նշված բնակավայրերում մարզպետը հանդիպումներ ունեցավ նաև քաղաքացիների հետ` լսելով նրանց բարձրաձայնած հարցերը։
Համայնքային այցերը շարունակական են։
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-10 12:04:27