Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Լուսակնի միջնակարգ դպրոցում մասնակցեց ամանորյա հանդեսի
30.12.2025
ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցված և այս տարում շահագործման հանձնված նորակառույց Լուսակնի դպրոցի սաները ուսումնական կիսամյակն ամփոփեցին տոնական միջոցառմամբ, որին հատուկ հրավերով ներկա էին ԿԳՄՍ նախարարն ու Արագածոտնի մարզպետը՝ նախարարության և մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։
Աշակերտները մշակութային ներկայացման ընթացքում ներկայացրին Ամանորի խորհուրդն ու ազգային-ավանդական սովորույթները։
Ողջույնի խոսոքում նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ տարբեր դպրոցներ այցելությունները շարունակական են լինելու գալիք տարում։
«Դպրոցի այս պայմանները ստեղծվել են ձեզ համար՝ ապահովելու լավագույն կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները։ Ներկայում շուրջ 200 հաստատություններում կատարվում են դպրոցաշինության մեծ ծավալի աշխատանքներ, որոնք լինելու են շարունակական: Կառավարության առաջնային նպատակը բոլոր երեխաների համար կրթության լավագույն պայմանների ապահովումն է: Մեզ համար կարևոր է նաև լսել ձեզ, որպեսզի լավարկենք մեր հետագա աշխատանքը և միասին առաջ գնանք»,- ասաց նախարարը։
Իր ելությում մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ ժամանակակից կրթական միջավայր ձևավորելու կարևոր գործն իրականություն է դառնում համագործակցային աշխատանքի շնորհիվ և որպես գործընկեր իր շնորհակալությունը հայտնեց ԿԳՄՍ նախարարությանը։
Մարզպետը նշեց, որ մարզում լայն թափով ընթանում են դպրոցաշինական ծրագրերը և շատ շուտով համատարած ունենալու ենք կրթական նոր որակ, նոր միջավայր։
Մարզպետը նախարարի և հյուրերի հետ շրջեց դպրոցում, ներկայացրեց կրթօջախի ժամանակակից ենթակառուցվածքները՝ բացօթյա մարզադաշտից մինչև արևային կայան ու պտղատու ջերմոց։
ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցի բոլոր 36 աշակերտներին հանձնվեցին ամանորյա նվերներ, այդ թվում՝ գեղարվեստական գրքեր, գրենական պիտույքներ։
Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և շարունակական համագործակցության համար։


