Տպել
Նորություններ
Մարզպետի աշխատակազմի և համայնքների աշխատանքի եռամսյա ցուցանիշներն ամփոփվեցին մարզխորհրդի նիստում
11.11.2025
Օրակարգային 6 հիմնական հարցերի քննարկմամբ այսօր կայացավ Արագածոտնի մարզի խորհրդի հերթական նիստը։
Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ, մարզխորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ Նիկոլայ Բարսեղյանին, շնորհավորեց նրան ու մաղթեց արդյունավետ աշխատանք։
Օրակարգում ընդգրկված առաջին հարցը նոր կառուցված կամ վերակառուցված մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ էր, որը զեկուցեց մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը։
Մարզի համայնքների 2025 թ․ 9 ամիսների սեփական եկամուտների կատարման վերաբերյալ զեկուցեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը։
Օրակարգային մյուս 3 հարցերի վերաբերյալ զեկուցողը քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանն էր․ քննարկման առանցքում էին ընթացիկ սուբվենցիոն ծրագրերը, սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման խմբի կատարած աշխատանքները, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը։
Նիստն ամփոփվեց մարզում 2025 թ․ կատարված գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացմամբ, զեկուցեց գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պաշտոնակատար Թելման Թովմասյանը։
Զեկուցողները մարզպետից ստացան հանձնարարականներ, խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման տարբերակների քննարկմանը մասնակցեցին համայնքների ներկայացուցիչները։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հորդորեց շարունակել մարզպետի աշխատակազմ-համայնքներ ջանքերը մեկտեղել՝ մինչև տարեվերջ ցանկալի աշխատանքային արդյունքի հասնելու համար։


