Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզում էր

18.10.2025

 Վարչապետը եղավ Աշտարակ և Թալին համայնքներում, ծանոթացավ դպրոցաշինական ծրագրերի արդյունքին և առողջապահական հաստատությունների կառուցման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին:

Շրջայցին ներկա էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Աշտարակի և Թալինի համայնքապետեր Թովմաս Շահվերդյանը և Տավրոս Սափեյանը, պաշտոնատար այլ անձինք։
Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղավ Սասունիկի միջնակարգ դպրոցում, որտեղ ներկայացվեց նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներն ու ստեղծված պայմանները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 157 մլն դրամ։ Արդյունքում Սասունիկ բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ հզորությամբ։Դպրոցի կառուցումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։ Աշխատանքներն իրականացվել են 2023-2025թթ.:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին՝ հոյակերտ դպրոցի բացման առիթով և ուրախությամբ արձանագրեց, որ երեխաներն ուսումնառությունը շարունակում են այս դպրոցում։ «Ընդհանրապես ինչքան ավելի համապարփակ ենք հասկանում մեր երկրի պրոբլեմները, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների լուծումները կրթության մեջ են և կրթության ոլորտում են»,-ասաց Վարչապետը և ընդգծեց, որ դպրոցաշինությունը կրթական գործընթաց է, և այս առումով հսկայական աշխատանք է կատարվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսեց իրականացվող աշխատանքների որակի, ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև դպրոցի հետագա կառավարման կարևորության մասին: Վարչապետը նշեց, որ հենց դպրոցներում է որոշվում ամեն ինչ՝ երեխաներից յուրաքանչյուրի հետագա կյանքի ընթացքը և հիշեցրեց ուղերձը՝ լավ սովորիր, որ լավ ապրես:
Հաջորդիվ Վարչապետն այցելեց Աշտարակի բժշկական կենտրոնի նորակառույց պոլիկլինիկա, որտեղ ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 761 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում մարզում կառուցվել է պոլիկլինիկայի և դիահերձարանի նոր շենք: Աշխատանքներն իրականացվել են 2022-2025թթ.:
Աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Թալինի բժշկական կենտրոնի բացմանը, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 475 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Թալին համայնքն ունի վերակառուցված բժշկական կենտրոն։ Աշխատանքներն իրականացվել են 2021թ. -2025թթ.:
Արագածոտնի մարզում Լուսակնի միջնակարգ դպրոց այցելության ընթացքում Վարչապետը շրջեց կրթական հաստատությունում, ծանոթացավ իրականացված շինարարական աշխատանքներին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 766 մլն դրամ: «Թվով 22 համայնքներում փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային տիպի դպրոցների կառուցում» ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր միջնակարգ դպրոց: Աշխատանքներն իրականացվել են 2020-2025թթ.:
Վարչապետն իր խոսքում նշեց, որ Լուսակն գյուղն իր պատմության մեջ առաջին անգամ ունի դպրոց իր լաբորատորիայով ու սարքավորումներով, ինչը նշանակում է, որ կրթության հավասար հասանելիություն է ապահովված:
Երկրի ղեկավարն ընդգծեց, որ այս դպրոցը, իրական Հայաստանի դպրոցը, Չորրորդ հանրապետության դպրոցը ոչ թե պետք է երեխաների համար զարգացման առավելագույն նշաձող ֆիքսի, այլ ընդհակառակը՝ երեխաների զարգացման առավելագույն շեմը վերացնի:
Վարչապետի խոսքով, դպրոցում կա սովորելու, ստեղծագործելու, խաղալու, ընկերություն անելու, կյանքի մասին մտածելու, շփվելու հնարավորություն: «Դպրոցը կյանքի կենտրոն է, դպրոցը գյուղի, համայնքի, բնակավայրի կյանքի առանցք է և պետք է դառնա այդպիսին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորեց ներկաներին այս հրաշալի առիթով և համոզմունք հայտնեց, որ այդ դահլիճում դեռ շատ հանդիպումներ, քննարկումներ կլինեն, և այդ բոլոր քննարկումները կլինեն կյանքի, ապրելու, սովորելու մասին: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշեց․ «Մենք ձեզ դիմավորում ենք «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով, որովհետև իմացեք, ձեր լավ ապրելն ուրիշ որևէ մեկից կախված չի, կախված է միայն ձեզանից, կախված է, թե այսօր դուք ինչով եք զբաղվում, իսկ այսօր դուք հենց բուն գործով զբաղվելու բոլոր պայմաններն ունեք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ»։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 17:55:12