Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մասնակցությամբ կայացավ Սասունիկի նորակառույց դպրոցի բացումը

02.09.2025

 

Գիտելիքի և դպրության օրը Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում նշվել է մեծ հանդիսավորությամբ։ Սասունիկի նորակառույց դպրոցի բացումը կրկնակի տոնական է դարձրել նոր ուսումնական տարին։ Ժամանակակից ճարտարապետական լուծումներով աչք շոյող դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով, ունի մեծ ենթակառուցվածքներ՝ ձմեռային այգուց մինչև ամֆիթատրոն ու բացօթյա մարզադաշտ։

Դպրոցի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։ Նրանք շրջայց են կատարել ուսումնական հաստատությունում՝ ծանոթանալով բոլոր ենթակառուցվածքներին։

Հանրապետության Նախագահը աշակերտներին շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առիթով՝ ընդգծելով կրթության առաջնահերթությունը Հայաստանի համար:

«Ժամանակակից աշխարհում Հայաստանի Հանրապետությունը կարող է մրցունակ լինել միայն գիտելիքով և կրթության որակով։ Պատահական չէ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ 2021 թվականից իրականացնում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որով կառուցվում, վերակառուցվում և հիմնանորոգվում են կրթական հաստատություններ։ Վստահ եղեք՝ մեր հաջողությունները կախված են նրանից, թե ինչպիսի կրթություն ենք տալիս ապագա սերունդներին»։

Վահագն Խաչատուրյանը կարևորել է կրթության դերը ոչ միայն մասնագիտական զարգացման, այլև Հայաստանի Հանրապետության ազատ ու ինքնավստահ քաղաքացի ձևավորելու գործում:

«Իմ հորդորն ու խնդրանքն է՝ մեր երեխաների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կզգան ազատությունը, կգնահատեն այն և նվիրված կլինեն մեր պետությանը։ Մեր նպատակն է, որ նրանք կառուցեն այնպիսի Հայաստան, որի հարատևության ու հզորության հարցում որևէ մեկը կասկած չունենա»։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր ելույթում շնորհավորել է դպրոցի աշակերտներին և ուսուցչական կազմին՝ նոր դպրոցի և ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Լավ շենքային պայմաններից զատ, մարզպետը կարևորել է կրթության բովանդակությունն ու որակը և աշակերտներին հորդորել լավ սովորել։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, այս գեղեցիկ ակնթարթը մեզ հետ լինելու համար, մեզ համար մեծ պատիվ է։

Շատ կարևոր է մեզնից յուրաքանչյուրի մոտեցումը՝ դպրոցը պահելու, խնամելու գործում, և իհարկե վստահ եմ, որ այս մոտիվացնող և արդիական միջավայրում մեր աշակերտներն էլ ավելի բարձր առաջադիմություն են ցուցաբերելու»,-ասաց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Հավելենք, որ ժամանակակից դպրոցի կառուցման համար ներդրվել է շուրջ 2,5 մլրդ դրամ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-05 14:13:27