Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է գազագեներատորային հակակարկտային կայանքների աշխատանքի և արդյունավետության վերաբերյալ քննարկման
11.07.2025

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային քննարկմանը դիտարկվել են գազագեներատորային հակակարկտային կայանքների ներկայիս տեխնիկական վիճակը, դրանց արդյունավետությունը, ինչպես նաև մթնոլորտային երևույթների վրա դրանց ներգործության գիտական հիմնավորումների վերաբերյալ հարցեր։
Քննարկմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներ, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետները, ինչպես նաև գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Երևանի պետական համալսարանից և Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։
Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է գործող համակարգի խնդիրները։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ներկայացվել են հնարավոր լուծումների տարբերակներ՝ ուղղված հակակարկտային պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։
Կարևորվել է միջգերատեսչական համագործակցությունը և մասնագիտական ներուժի ներգրավվածությունը։
Քննարկման արդյունքներով նախատեսվում է մշակել համապատասխան առաջարկություններ և նոր լուծումներ՝ հիմնված գիտական վերլուծությունների, միջազգային փորձի և լավագույն տեխնիկական հնարավորությունների վրա, այդ թվում նաև օրենսդրական լուծումներ: