Տպել
Նորություններ
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում 10 մարզերի և Երևանի աշակերտների մասնակցությամբ ամփոփվեց «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը
06.06.2025
ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կողմից իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակային ծրագրի 2024-2025 ուստարվա արդյունքներն այսօր մշակութային միջոցառմամբ ամփոփվեցին Աշտարակում։
Ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԿԶՆԱԿ հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Մկրտչյանը, հիմնադրամի ներկայացուցիչներ, դպրոցի տնօրեններ, ծնողներ, ծրագրի շահառուները՝ Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցներից։
Միջոցառումը հյուրընկալած Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի բակում տարբեր մարզերից եկած աշակերտները հանդես եկան իրենց տաղավարներով, ձեռքի աշխատանքներով և հյուրերին պատմեցին ծրագրի շրջանակում իրենց մեկշաբաթյա փորձառության մասին։
«Իմ կյանքը համայնքում» ծրագրի հիմքում հայրենաճանաչությունն է, տվյալ բնակավայրի, մարզի մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Ծրագրի հիմնական նպատակներից են աշակերտների աշխարհաճանաչողության ու արժեհամակարգի ընդլայնումը, նոր գիտելիքի ձեռքբերումը, կապերի ձևավորումն ու սոցիալականացումը, ինչը, շահառուների հավաստմամբ, լավագույնս կյանքի է կոչվում։
Ողջույնի խոսքում Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը կարևորեց այս կրթամշակութային ծրագիրը՝ ընդգծելով, որ հայրենիքը պետությունն է, և այն ճանաչելը, նրա հարստություններն ու ժառանգությունը արժևորելն ու պահպանելը հայրենասիրություն են արմատավորում։
Նշենք, որ անցնող ուսումնական տարում «Իմ կյանքը համայնքում» ծրագրին Արագածոտնի մարզի դպրոցներից մասնակցել է 8 աշակերտ։


