Տպել
Նորություններ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԻԹՈՎ
23.05.2025

Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն ու մեծ լավատեսությամբ շնորհավորում եմ ձեզ կյանքի կարևոր շրջափուլի ավարտի առիթով։
Կրթությունը ազգային արժեք է պետական քաղաքականության ու հասարակական գիտակցության մեջ, և այսօր դուք նոր կյանք եք մտնում որպես այդ մեծ արժեքի նոր կրողներ։
Ես վստահ եմ, որ ձեր կրթօջախները ձեզ ավանդել են այնպիսի գիտելիք ու արժեհամակարգ, քաղաքացիաիրավական այնպիսի գիտակցություն ու առաջադեմ մշակույթ, որը դժվարությունների հաղթահարման և ինքնահաստատման ճանապարհին ամուր հենարան է դառնալու ձեզ համար։
Ես ուրախ եմ ընդգծելու, որ կրթության ոլորտի պետական մեծ բարեփոխումների շղթայում հաստատուն կերպով առաջընթաց է արձանագրվում Արագածոտնի մարզում․ կառուցվում են նոր դպրոցներ, արդիականացվում է կրթական միջավայրը՝ գերնպատակ ունենալով մերօրյա իրականության մեջ մրցունակ սերունդներ կրթելու։ Եվ այս բարեփոխումների դրական ազդակները, վստահ եմ, փոխանցվել են նաև ձեզ։
Սիրելի՛ շրջանավարտներ, ճանապարհում ենք ձեզ այն մեծ հույսով, որ ապագայում ձեզնից շատերին կտեսնենք պետական ու հասարակական անվանի գործիչների, հայրենասեր անհատների, հմուտ ու առաջնորդող մասնագետների շարքում։
Մաղթում եմ, որ անձնական, աշխատանքային ու հասարակական կյանքում լինեք աննկուն ու լավատես, նորաստեղծ և մարդասեր։
Թող այս հուզառատ օրվա ամեն ակնթարթում ձեզ հղված բարեմաղթանքների և օրհնանքների ներքո կյանք առնեն ձեր լուսավոր նպատակներն ու երազանքները։
Եվ թող մեծ կյանքի բազում ուղիներում ձեր երթը խրոխտ ու աննահանջ լինի։
ՁԵՐ՝ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ