Տպել
Նորություններ
Մարզպետն ընդունեց միջազգային հարթակներում հաղթանակներ արձանագրած թալինցի մարզիկներին
21.05.2025

Դուբայ քաղաքում ապրիլի 25-30-ը կայացած «Ուժային եռամարտի աշխարհի գավաթի» առաջնությանը մասնակցել և ոսկե մեդալներ են նվաճել Թալին համայնքի Hi-Am հիմնադրամի Դյուցազնատան մարզիկներ Նարեկ Գլճյանը, Դավիթ Օհանյանը և վետերան Արտակ Կարապետյանը։
Թալին համայնքի Hi-Am հիմնադրամի Դյուցազնատան տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի գլխավորությամբ, մարզիկները հյուրընկալվեցին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ։
Մարզպետը շնորհավորեց, շնորհակալագրեր հանձնեց նպատակասլաց մարզիկներին և զրուցեց նրանց հետ մարզական առօրյայի, նպատակների մասին։
Այսպիսով,
«Ձգում» վարժությունում 30 կգ անձնական քաշ ունեցող ութամյա Նարեկ Գլճյանը սահմանել է աշխարհի ռեկորդ՝ բարձրացնելով 85 կգ ծանրաձողը։
«Ձգում» վարժությունում 58 կգ անձնական քաշով Դավիթ Օհանյանը բարձրացրել է 130 կգ ծանրաձողը` գրավելով առաջին հորիզոնականը:
«Ձգում» վարժությունում 83 կգ անձնական քաշով Արտակ Կարապետյանը բարձրացրել է 195 կգ ծանրաձողը` գրավելով առաջին հորիզոնականը:
Մարզպետի հետ զրույցում Դյուցազնատան տնօրենը նշեց, որ մարզիկներից շատերը Գինեսի ռեկորդակիր են, ընդհանուր 2 տասնյակի հասնող ռեկորդներ ունեն, և համառորեն աշխատում են նոր ռեկորդներ ու հաղթանակներ գրանցելու ուղղությամբ։
«Դուք միջազգային ասպարեզում բարձր եք հնչեցրել Հայաստանի անունը, վերադարձել եք հաղթանակով, ինչի համար շնորհակալ եմ ձեզ։ Ես շատ հպարտ եմ, որ մեր մարզում գործող Դյուցազնատունը համախմբում է մեծ հեռանկար ունեցող, կամային ու աշխատասեր մարզիկների։ Որպես մարզպետ, ես միշտ հպարտ եմ ձեր հաջողություններով և պատրաստակամ եմ աջակցելու։ Շարունակեք նույն եռանդով քայլել դեպի նոր հաղթանակներ, ձեզ մաղթում եմ վերընթաց ուղի»,-մարզիկների հետ զրույցում նշեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Հանդիպումն ամփոփվեց պարգևատրման արարողությամբ։