Տպել
Նորություններ
Մարզպետն այսօր եղավ Ապարան համայնքի Արագած և Արայի բնակավայրերում, տնայցեր կատարեց, շփվեց բնակիչների հետ
21.05.2025

Համայնքային այցերի շրջանակում, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու և քամուց տուժած ընտանիքների հետ հանդիպելու նպատակով այսօր մարզպետը Արագած և Արայի գյուղերում էր։
Այցին մասնակից էին Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Զրուցելով բնակիչների հետ՝ մարզպետը հետաքրքրվեց նրանց առօրյայով, խնդիրներով և ուրախությամբ արձանագրեց, որ գյուղատնտեսական ակտիվ սեզոնին նրանք գրեթե ողջ օրը զբաղվում են հողի մշակությամբ։ Ոռոգման ջրի խնդիր նշված գյուղերում չկա, մնում է միայն արդար աշխատանքով հողից առավելագույնս բարիք ստանալ, ինչը և ողջ ընտանիքով ու մեծ եռանդով անում են տեղի բնակիչները։ Մարզպետը խրախուսեց գյուղացիների աշխատելու, արարելու մեծ մղումը։
Ուժգին քամու հետևանքով վնասված մի շարք ընտանիքների անհատական տների տանիքների վնասը գնահատելու նպատակով մարզպետը քաղաքաշինության վարչության մասնագետներին հանձնարարեց ուսումնասիրություն կատարել և նշեց, որ ջանքեր կգործադրի պետական աջակցությամբ բնակիչների այս խնդիրը լուծելու ուղղությամբ։
Համայնքային այցերը շարունակական են։