Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն Արագածոտնի մարզում էր

18.05.2025

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով այսօր Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը Արագածոտնի մարզում էր:

Ագարակ բնակավայրում պատվիրակությունը հանդիպեց ԼՂ-ից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված, «Իմ քայլը» հիմնադրամի աջակցության ծրագրի շահառու 10 ընտանիքներին:
Նշենք, որ Կիպրոսի կառավարության ֆինանսավորմամբ «Իմ քայլը» հիմնադրամը աջակցության ձեռք է մեկնել Արագածոտնի մարզի 10 բազմազավակ ընտանիքի՝ նրանց համար կառուցելով ջերմատներ, որոնք արդեն իսկ այդ ընտանիքների կողմից մշակվում են, առաջին բերքը կտան այս ամռանը:
Անիտա Դիմիտրիուին դիմավորեցին Արագածոտնի մարզպետի տեղակալներ Արմեն Գրիգորյանը, Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչներ:
Ողջունելով Անիտա Դիմիտրիուին՝ մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը նշեց, որ մեծ պատիվ է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը Արագածոտնի մարզում հյուրընկալելը և շնորհակալություն հայտնեց ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության և ջերմ վերաբերմունքի համար:
Այցի շրջանակում Անիտա Դիմիտրիուն այցելեց արցախցի բազմազավակ Ավագյանների ընտանիքի ջերմատուն, որը հիմնվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: Դիմիտրիուն լսեց ԼՂ-ից բռնի տեղահանված և Ագարակ գյուղում հաստատված ընտանիքի պատմությունը, դրվատեց նրանց աշխատասիրությունն ու ստեղծելու, արարելու մեծ մղումը:
Իր խոսքում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը նշեց, որ Կիպրոսը շատ է կարևորում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները և փոխգործակցությունը:
Նա իր աջակցությունը հայտնեց ԼՂ-ից տեղահանված ժողովրդին ու հորդորեց աշխատանքով ու սիրով հաղթահարել կյանքի դժվարին փորձությունները:
Արցախցիների հետ անմիջական զրույցների ընթացքում Անիտա Դիմիտրիուն ծանոթացավ նրանց զբաղվածությանը, առօրյային, ՀՀ Կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերին: Բազմազավակ Ավագյանների ընտանիքի հայրը նշեց, որ արդեն ստացել են ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում իրենց հատկացված սերտիֆիկատը և պատրաստվում է ջերմատան հարևանությամբ իր սեփական տունը կառուցել:
Ընտանիքիներից շատերը նշեցին, որ ի թիվս սոցիալական մի շարք ծրագրերի, ևս բնակապահովման ծրագրի շահառու են:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40