Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արայիկ Հարությունյանն այցելեց Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

06.05.2025

 Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպեց բնակիչների հետ, ծանոթացավ իրականացված և ընթացիկ ծրագրերին:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց 2018-2024 թթ. իրականացված ծրագրերը: Ըստ այդմ՝ իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնց շրջանակում ներդրվել է 1 մլրդ 330 մլն դրամ, պետական ծրագրեր՝ ներդրվել է 8 մլրդ 600 մլն դրամ: Իրականացված ծրագրերի շրջանակում կատարվել են ասֆալտապատման, գազիֆիկացման, ջրապահովման, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների կառուցման աշխատանքներ:
Արայիկ Հարությունյանն այցելեց Ալագյազում կառուցվող մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ, ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվեցին Ճարճակիս գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները ևս:
Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը նաև հանդիպումներ ունեցավ Ալագյազ, Ճարճակիս, Շամիրամ բնակավայրերի բնակիչների հետ:
Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների հարցերի հասցեագրման ուղղությամբ, ընդգծեց, որ Կառավարությունը համայնքների հավասար զարգացմանը մեծ կարևորություն է տալիս: «Ներդրումները, որոնք իրականացվում են պետական բյուջեից նաև այդ նպատակով են, միայն մայրաքաղաքի կամ մի քանի քաղաքների զարգացմամբ մենք չենք կարող ուժեղ պետություն ունենալ: Իսկ ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը: Մենք դրանով հպարտանում ենք, ցույց ենք տալիս բազմամշակութային հանրությունը, որ ունենք հանրապետությունում, և այդ ուղղությամբ աշխատանքներ անելու համար նաև փորձելու ենք նոր գործիքներ գտնել, որպեսզի ազգային փոքրամասնություններն իրենց կրոնական, մշակութային, կրթական իրավունքներն ու պահանջմունքները կարողանան իրացնել»,- ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և հավելեց, որ այցի նպատակն է հենց տեղում հասկանալ խնդիրները:
Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց բնակիչների կողմից բարձրացված հարցերին:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40