Տպել
Նորություններ
Մարզխորհրդի նիստում քննարկվեցին 2025 թ․ աշխատանքի առաջին եռամսյակի արդյունքները
22.04.2025

Օրակարգային 8 հիմնական հարցերի քննարկմամբ այսօր կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը, որն ամփոփեց Արագածոտնի մարզպետի աշխատակազմի այս տարվա գործունեության եռամսյակային ցուցանիշները։
Նիստի մեկնարկն ազդարարեց Արագածոտնի մարզպետ, մարզխորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանը՝ ողջունելով ներկաներին։ Նիստին մասնակցում էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ուժային կառույցների մարզային պատասխանատուներ, համայնքապետեր։
Մարզպետը ներկայացրեց օրակարգային առաջին հարցն ու խոսքը փոխանցեց զեկուցողին։
Ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը զեկուցեց մարզի համայնքների 2025 թ․ 1-ին եռամսյակի սեփական եկամուտների կատարման վերաբերյալ։
Նիստը շարունակվեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքի ու 2025-ի համար ներկայացված ծրագրերի մասին տեղեկատվությամբ, որը զեկուցեց քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ասկանազ Կասիևը։
Նա ներկայացրեց նաև հաջորդ զեկուցումը՝ մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի վերաբերյալ։
Այս տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցմամբ հանդես եկավ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը։
Համայնքապետարանների և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների 2024 թ․ չօգտագործած արձակուրդների վերաբերյալ զեկուցեց ՏԿ և ՏԻՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը։
2026 թ․ սուբվենցիայի նախնական հայտերի և տեխնիկական բնությգրերի ներկայացման մասին զեկուցեց զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։
Օրակարգում ընդգրկված վերջին երկու հարցերը զեկուցեց մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը․ նա ներկայացրեց մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերի մասին տեղեկատվություն, ապա խոսեց 2025 թ․ սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման խմբի կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ։
Հավելենք, որ օրակարգային հարցերի շուրջ բոլոր զեկուցումները հրապարակվում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում՝ մարզխորհրդի նիստի արձանագրություն բաժնի ներքո, որոնց կարող եք ծանոթանալ նշված հղումով՝ http://aragatsotn.mtad.am/ardzanagrutjun/
Բոլոր զեկուցումների շրջանակում մարզպետի կողմից հնչեցին հարցեր, արձանագրվեցին խնդիրներն ու տրվեցին հանձնարարականներ։
Այլ հարցերի շրջանակում մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը զեկուցեց մայիսի 3-ին կայանալիք Համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Ամփոփելով նիստը՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին ու նիստի մասնակից գործընկերներին և արդյունավետ աշխատանքային շաբաթ մաղթեց։