Տպել
Նորություններ
Կառուցվում է 288 աշակերտի համար նախատեսված նոր դպրոց․ մարզպետն այցելեց Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցի շինհրապարակ
04.03.2025

ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնի մարզում կառուցվող 26 դպրոցներից մեկը Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցն է։
1, 7 մլրդ դրամի հատկացմամբ մինչև 2026 թվականը Նոր Եդեսիա գյուղը կունենա ժամանակակից ստանդարտներին համապատասխան հանրակրթական դպրոց։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացավ, զրուցեց շինարարների հետ։ Մարզպետը հորդորեց աշխատանքներն իրականացնել պատշաճ որակով և տեմպով։ Քննարկվեցին առկա խնդիրները, եղանակային պայմաններից բխող դժվարությունները, ուրվագծվեցին լուծումները։ Ընդհանուր առմամբ, նախորդ տարի մեկնարկած շինարարությունն ընթանում է ակտիվ կերպով, կառուցման ժամկետից ուշացում, ըստ շինարարի, չի լինի։
Նոր դպրոցի կառուցումը մեծ խանդավառություն է առաջացրել տեղի բնակիչների մոտ, ովքեր նշեցին, որ իրենց ներկայիս դպրոցի շենքը ավելի քան 40 տարվա հնության է, տասնամյակներ շարունակ չի նորոգվել, չկան լաբորատորիաներ և այլ ենթակառուցվածքներ։ Ուստի դպրոցի աշակերտներն իրենց նոր դպրոցին անհամբերությամբ են սպասում։
Նշենք, որ ներկայում դպրոցն ունի 274 աշակերտ։
Դպրոցաշինական ծրագրերի շինաշխատանքների դիտարկման նպատակով մարզպետի այցերը շարունակական են։