Տպել
Նորություններ
Ազգային փոքրամասնությունների մշակույթների ներկայացման նախագծերի մրցույթում Արագածոտնի մարզից հաղթող են ճանաչվել Աշտարակի Վ․ Պետրոսյանի անվան հիմնական և Ուշիի Ն․ Աղբալյանի անվան միջնակարգ դպ
25.02.2025

Մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը, «Հանրային ռադիոյի» խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանը։
Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից հաղթող է ճանաչվել 2-ական դպրոց։ Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կազմակերպված եզրափակիչ միջոցառման ընթացքում դպրոցները ներկայացրել են իրենց նախագծերն առանձին տաղավարով։
Նախարարն ու հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել նախագծերին, հետաքրքրվել՝ ինչ ուսումնասիրություն են կատարել աշակերտները, այդ ընթացքում ինչ նոր գիտելիք են ձեռք բերել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ և այլն:
Նշենք, որ Արագածոտնի մարզի աշակերտները իրենց նախագծային աշխատանքը կատարելիս հենց տեղում են ծանոթացել ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքների, մասնավորապես եզդիների մշակույթին։ Նշենք, որ Արագածոտնի մարզում կա 4 եզդիական համայնք։ Սա բացառիկ հնարավորություն է ընձեռել մեր աշակերտների համար համակողմանի ուսումնասիրել և ներկայացնել եզդիների մշակույթը, ազգային ծեսերը, սովորույթները։ Աշխատանքը կատարելու ընթացքում մեր աշակերտները ճանաչողական հանդիպումներ, զրույցներ են ունեցել մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։
Շնորհավորում ենք մեր թիմերին՝ հերթական լավագույն նախագծային աշխատանքներն իրականացնելու առիթով։