Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի ճանապարհներին ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ են կատարվում արտակարգ ռեժիմով
21.02.2025

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ինչպես ողջ Հանրապետությունում, այնպես էլ Արագածոտնի մարզի ամբողջ տարածքում առատ ձյուն է։ Ներկայացնում ենք մարզի ճանապարհների իրավիճակի մասին թարմ տեղեկատվություն։
Բուք է Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, այդ թվում՝ Ծաղկահովիտ, Ալագյազ համայնքներում։ Նշված տարածքներում գտնվող ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ, բնակավայրեր տանող մարզային նշանակության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, սակայն այս հատվածների բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի:
Բուք է նաև Թալինի բարձրադիր գոտիներում, Մեծաձոր եզդիական համայնքում։ Այս հատվածների ավտոճանապարհներին պարբերաբար կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։
Սաստիկ բքի հետևանքով փակ է Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհը, այն բացելու նպատակով այժմ կատարվում են աշխատանքներ։
Դժվարանցանելի է Շենկանի բնակավայր տանող ավտոճանապարհը, որտեղ իրականացվում են ձնամաքրման և ճանապարհի լայնացման աշխատանքներ։
Աշտարակի տարածաշրջանում, հարակից Շամիրամ եզդիական համայնքում բնակավայրեր տանող մարզային նշանակության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզում գտնվող ավտոճանապարհները սպասարկող բոլոր 7 ճանշինները, համայնքապետարանների կոմունալ բաժինների աշխատակիցները՝ համապատասխան տեխնիկայով, ՆԳՆ պարեկային և փրկարար ծառայությունների մարզային վարչությունները աշխատում են և առաջիկա օրերին կաշխատեն արտակարգ ռեժիմով։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք դրսևորել բարձր զգոնություն, երթևեկել ըստ խիստ անհրաժեշտության և բացառապես ձմեռային անվադողերով։
Տեսանյութն այստեղ՝ https://www.facebook.com/staffofaragatsotnmarzpet/videos/507974729075397