Տպել
Նորություններ
2024 թվականի դրությամբ Արագածոտնի մարզի 61 դպրոցներում հիմնվել են բնագիտական առարկաների լաբորատորիաներ․ մարզպետն այսօր ծանոթացավ կատարված աշխատանքին
27.12.2024
ԿԳՄՍ նախարարության ԾԻԳ-ի կողմից անցնող տարում Արագածոտնի մարզի հանրակրթական ուսումնական 44 հաստատություններում հիմնվել են բնագիտական առարկաների՝ աշխարհագրության, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, ՏՀՏ-ի (տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ) լաբորատորիաներ:
2023 թ․ հիմնվել էին ևս 13-ը, 4 լաբորատորիաներ էլ հիմնվել էին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից։
Այսպիսով, 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ մարզի 61 դպրոցներում հիմնվել են բնագիտական առարկաների 5-ական լաբորատորիաներ։
Լաբորատորիաների համար դասասենյակների վերանորոգման և հարմարեցման աշխատանքներն իրականացվել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից՝ ընդհանուր 96 մլն դրամի ներդրմամբ։
Լաբորատորիայի գույքն ու համապատասխան նյութերը ԿԳՄՍՆ ԾԻԳ-ի կողմից տրամադրվել են դպրոցներին, որոշ դպրոցներում գույքի և նյութերի համալրման գործընթացը ավարտական փուլում է։
Նոր հիմնված լաբորատորիաներին ծանոթանալու, կատարված նորոգման աշխատանքների որակը դիտարկելու նպատակով մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր այցելեց Ոսկեհատի, Ղազարավանի միջնակարգ և Մուղնիի հիմնական դպրոցներ:
Տնօրենների հետ զրույցում մարզպետը նշեց, որ լաբորատորիաները էականորեն կբարձրացնեն աշակերտների բնագիտական առարկաների իմացությունը և գործնական հմտություններն ու կարողությունները։
Լաբորատորիաները աշակերտների համար իրենց դռները կբացեն նոր տարեսկզբին։