Տպել
Նորություններ
Նախարարը մարզպետի հետ դիտարկեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածի աշխատանքները
13.12.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացավ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի, ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Արմեն Զոհրաբյանի և ծրագրի ղեկավարների ուղեկցությամբ նախարարը շրջեց Տրանշ-2-ի մի շարք հատվածներում և դիտարկեց ընթացիկ աշխատանքները։
Նշենք, որ «Հյուսիս-հարավ» Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են մոտ 80%-ով, իսկ 34 կմ հատվածում իրականացվել է աշխատանքների 50%-ը։
Աշտարակ-Թալին հատվածի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի վերջին։
Տեղում շինարարների և ծրագրի պատասխանատուների հետ քննարկվեցին առկա խնդիրները, նախարարի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ՝ ծրագրի իրականացման ժամկետների և աշխատանքները որակով իրականացնելու ուղղությամբ։
Աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նախարարին ներկայացրեց մարզկենտրոն Աշտարակում ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերը, մասնավորապես մանկապարտեզի վերակառուցման, ճանապարհների և քաղաքային հրապարակի վերանորոգման ու նոր լուսավորության անցկացման աշխատանքները։