Տպել
Նորություններ
Դեպի տեխնոլոգիական ու ինժեներական կրթություն՝ ապագայի ալգորիթմ «Արմաթի» հետ
26.11.2024
Փարպիի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոցում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մասնակցությամբ երեկ բացվեց «Արմաթն օդում» աշխատանոցը:
240 աշակերտ ունեցող դպրոցում աշակերտները կկարողանան ինտերակտիվ արտադասարանական դասընթացների շրջանակում ճարտարագիտական մտածողություն զարգացնել արդեն ոչ միայն «Արմաթ» լաբորատորիայում, այլ նաև «Արմաթն օդում» աշխատանոցում, որտեղ կհմտանան ուսումնական անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում։
Դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիան հիմնվել է 2023 թվականին՝ կրթօջախի անվանի շրջանավարտ Աշոտ Հարությունյանի նախաձեռնությամբ և մեկ տարի անց՝ նույն նախաձեռնությամբ ստեղծվեց նաև «Արմաթն օդումը»։
Աշխատանոցի գործունեության մեկնարկին մասնակից էին նաև մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ և հյուրեր։ Դպրոցի կրտսեր դասարանների աշակերտները հյուրերի համար աշնան տոնահանդես էին պատրաստել, որն արժանացավ նրանց հիացական ծափահարություններին։
Իր ելույթում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորեց աշխատանոցի բացման առիթով և ուրախությամբ նշեց, որ Աշտարակ համայնքում սա 2-րդ դպրոցն է, որում գործում է ուսումնական նշանակության ԱԹՍ-ների պատրաստման աշխատանոց։
Մարզպետն ասաց, որ «Արմաթ» տեխնոլոգիական ոչ ֆորմալ կրթական ծրագիրը միտված է վաղ տարիքից հասանելի դարձնել ճարտարագիտական ուսուցումը և հարստացնել դպրոցականների բնագիտական գիտելիքները ու վստահաբար, աշխատանոցի առկայությունը շեշտակի նպաստելու է աշակերտների կառուցողական մտածելակերպի ձևավորմանն ու կատարելագործմանը։
Սերգեյ Մովսիսյանը շրջեց «Արմաթ» լաբորատորիայում և ծանոթացավ խմբակների սաների աշխատանքներին ու ուսումնական պրոցեսին, հետաքրքրվեց նրանց ապագայի նպատակների ու երազանքների մասին։
Դպրոցի տնօրենի խոսքով՝ մեկ շաբաթում մեծ հետաքրքրություն է առաջացել, արդեն երկու խումբ է ձևավորվել։
Հավելենք՝ աշխատանոց կարող են հաճախել ինչպես Փարպիից, այնպես էլ հարևան բնակավայրերից։