Տպել
Նորություններ
Մարզխորհրդի նիստում ամփոփվեցին աշխատանքային 3-րդ եռամսյակի արդյունքները
23.10.2024
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը։
Մարզխորհրդի անդամների, մարզպետի աշխատակազմի ղեկավարության, մարզի ուժային կառույցների, ինչպես նաև մարզի ճանշինների ղեկավարների մասնակցությամբ նիստում զեկուցվեց Արագածոտնի մարզի զարգացման ծրագրերի ընթացիկ արդյունքների մասին։
Ազդարարելով նիստի բացումը՝ մարզպետը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց օրակարգային առաջին հարցը՝ խոսքը տրամադրելով զեկուցող, ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանին, որը ներկայացրեց «Մարզի համայնքների 2024 թ․ սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների վերաբերյալ» թեմայով զեկուցում։ Ընդհանուր առմամբ, նշվեց, որ 3-րդ եռամսյակի դրությամբ՝ համայնքների հավաքագրման ցուցանիշը հասնում է 92 %-ի և 100 %-ի կհասցվի տարեվերջին։
Արձանագրվեց նաև, որ եկամուտների հավաքագրման առումով խնդիր կա միայն Ծաղկահովիտ և եզդիական Արևուտ համայնքներում, ուստիև կարիք կա այս համայնքներում լրացուցիչ աշխատանք կատարելու՝ հավաքագրան ցուցանիշները մինչև տարեվերջ ցանկալի ցուցանիշ ունենալու համար։
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր 2025 թ․ համայնքներին տրամադրվող համահարթեցման դոտացիաներին, որի շուրջ ևս զեկուցում ներկայացրեց Նորայր Գալստյանը։ Ընդգծվեց, որ 2024 թ․ համեմատությամբ 2025 թ․ դոտացիաներն աճել են 14,8 %-ով և սա նշանակում է, որ երկրի 2023 թ․ ՀՆԱ-ն ուրախալի աճ է գրանցել։
Հաջորդիվ, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանը տեղեկատվություն հաղորդեց մարզի սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին՝ կանգ առնելով 2022, 2023 և 2024 թ․ ծրագրերի արդյունքների վրա, ինչպես նաև բարձրաձայնելով շինարարական աշխատանքներում արձանագրված որոշակի խնդիրների մասին։ Առանձնահատուկ անդրադարձ եղավ մարզում իրակականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։
Զեկուցողը պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ թեման շարունակեց՝ ներկայացնելով նաև օրակարգային հաջորդ հարցը՝ «Պետական և այլ կազմակերպությունների միջոցով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի ուսումնասիրությունների վերաբերյալ»։
Օրակարգային 6-րդ հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Հովհաննես Ասատրյանը․ տեղեկատվություն հաղորդվեց մարզի համայնքներում 2024 թ․ ամենամյա չօգտագործված արձակուրդնդերի մասին։ Նա նշեց, որ մինչև տարեվերջ, համայնքապետարանների աշխատակիցներին կտրամադրվեն իրենց ամենամյա արձակուրդների մնացած մասերը։ Այս թեմայով, ըստ էության, խնդիր չարձանագրվեց։
Հիմնական հարցերը եզրափակվեցին «Մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերի մասին» զեկուցմամբ, որը ներկայացրեց մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը։ Նա խոսեց ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնում կառուցվող ու վերակառուցվող 25 դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքի մասին, ինչպես նաև ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության ԾԻԳ-ի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ մարզի 61 դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների հիմնման նպատակով իրականացվող աշխատանքները։
Բոլոր ոլորտների ուղղությամբ, համապատասխան պաշտոնատար անձանց մարզպետը հանձնարարեց հետևողական լինել պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքերի որակի, կատարման ժամկետների վերահսկողության առումով։
Այլ հարցերի շրջանակում, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզի ճանապարհները սպասարկող ճանշինների ղեկավարներին հանձնարարեց այսօրվանից սկսած նախապատրաստվել ձմռանը ճանապարհների սպասարկումը` ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները պատշաճ իրականացնելուն։
Ամփոփելով նիստը՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և առաջիկա աշխատանքային շրջանում մաղթեց բարձր արդյունավետություն։