Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզում հաստատված արցախցի ընտանիքները հավաքում են իրենց մշակած այգու բերք ու բարիքը, նախապատրաստվում ձմռանը․ մարզպետը տնայցեր է կատարել
06.10.2024
Մարզի գյուղական բնակավայրերում ինտենսիվ բերքահավաք է։ Ձմռան համար բերք են ամբարում նաև Արագածոտնում հաստատված արցախցի ընտանիքները։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն օրերս այցելեց Ապարան համայնքի Եղիպատրուշ և Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրերում ապրող արցախցիներին, տեղում ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին, արձանագրեց խնդիրներն ու անձամբ իրազեկեց պետական աջակցության ծրագրերի մասին։ Մարզպետը ուրախությամբ նկատեց, որ արարող արցախցիներն անմշակ չեն թողել իրենց վարձակալած անհատական բնակելի տներին կից հողամասերն ու արդեն հավաքում են բերքը, պահածոներ ու չրեր պատրաստում, ոմանք նաև փոքրիկ ջերմոցային տնտեսություններ են հիմնել՝ ելակ, կանաչեղեն են մշակում, և այգու բերքը կիրացնեն նաև ձմռան ընթացքում։
Դրվատելով արցախցու աշխատասիրությունն ու ստեղծարարությունը՝ մարզպետն ընդգծեց, որ
ՀՀ Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի մեր հայրենակիցները հնարավորինս արագ բնականոն կյանքի հուն մտնեն, սեփական տունն ունենան, և այս հարցում պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն նաև նրանք։
Նշված բնակավայրերում շրջայցի ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը կանգնել ու զրուցել է քաղաքացիների հետ, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի և Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանի հետ քննարկել է բնակիչների բարձրաձայնած հարցերը։
Համայնքային այցերը շարունակական են։