Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետը նախարարի հետ ծանոթացավ «Գլորիա չիզիս» պանրի արտադրամասի գործունեությանն ու զարգացման ծրագրերին
30.08.2024
Աշխատանքային այցով այսօր Արագածոտնի մարզում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Փոխնախարար Արման Խոջոյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ նա դիտարկեց Արագածավան բնակավայրում գործող «Գլորիա չիզիս» պանրի արտադրամասի գործունեությունն ու զարգացման ծրագրերը։
Պաշտոնատար անձինք շրջեցին գործարանում, ծանոթացան արտադրական գործընթացներին և կարողություններին։
«Գլորիա չիզիս» ընկերությունը հիմնադրվել է 2004 թ-ին: Մասնագիտացված է պանրագործության բնագավառում և սպառողին է ներկայանում 100% կաթից արտադրվող շուրջ 10 տեսակի հոլանդական տարբեր պանիրներով։
Արտադրամասում կիրառվում են հոլանդական ինժեներական լավագույն տեխնոլոգիաները, տարեկան պատրաստվում է 70.000 կգ պանիր, օրական վերամշակվում է ֆերմերային տնտեսություններից մթերվող 2 տոննա կաթ։
Գևորգ Պապոյանը ներկայացրեց պետական օժանդակության ծրագրերը, որոնց միջոցով հնարավորություն կտրվի բազմապատկելու արտադրական հզորությունը, ներկայանալու նոր արտադրատեսակներով և դրանք արտահանելու միջազգային շուկաներ:
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ գովելի է այն փաստը, որ Թալինի հեռավոր բնակավայրերից մեկում նման գործարան կա, որը և՛ տեղական, և՛ արտասահմանյան շուկա է արտահանում մրցունակ արտադրանք։
Այցի շրջանակում նախարարն ու մարզպետն այցելեցին նաև Արագածավանի «Բլեք անգուս» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց, որտեղ ծանոթացան ընկերության աշխատանքին։