Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

105 մլն դոլարի ներդրմամբ «Օրգով-Ամբերդ» նոր զբոսաշրջային ծրագիրը խոստանում է մարզում ստեղծել 450 մշտական աշխատատեղ․ քննարկվում են մանրամասները

03.07.2024

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց գործարար Գարեգին Դավթյանին, որը հանդես եկավ մարզում խոշոր հանգստավայրի հիմնման ծրագրով։ Հանդիպմանը ներկա էին նաև Enterprise Armenia «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ։

Մասնավորապես, Օրգով բնակավայրի վարչական տարածքում, 145 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել «Օրգով-Ամբերդ» լեռնային հանգստավայրը, որը լինելու է զբոսաշրջային խոշոր համալիր և ունենալու է ընդգրկուն ենթակառուցվածքներ՝ ճոպանուղի, դահուկուղիներ, ժամանցի կենտրոններ և այլն։
Այս պահին ընթանում են հանգստավայրի ստեղծման նպատակով հողատարածքների ձեռքբերման բանակցությունները։
Ողջունելով գործարարին՝ Սերգեյ Մովսիսյանն ուրախություն հայտնեց այն կապակցությամբ, որ մարզը գրավիչ է ներդրողների համար և նշեց, որ որպես զբոսաշրջային ուղղություն, Արագածոտնը վերադիրքավորվում է լեռնային հանգստի տարածաշրջանային կենտրոնի։ Նա ամփոփ խոսեց վերջին տարիներին մեկնարկած «Մայլեռ» և «ՌԻԴ» խոշոր ներդրումային ծրագրերի մասին, իսկ կոնկրետ «Օրգով-Ամբերդ» լեռնային հանգստավայրի ստեղծման վերաբերյալ ընդգծեց, որ, ըստ էության, այն դառնալու է զբոսաշրջային կլաստեր, որը այցելուների մեծ հոսք է նախանշում։
Ներդրողը ներկայացրեց ծրագրի մանրամասները՝ հայտնելով, որ ակնկալում է մարզպետի աշխատակազմի հետ ակտիվ համագործակցություն։
Ի պատասխան, մարզպետը նշեց, որ որպես մարզային իշխանություն պատրաստ են լավագույնս աջակցել զարգացման նոր ծրագրերի կյանքի կոչմանը, որոնք մարզ են բերում կյանքի նոր որակ ու բարեկեցություն։
Երկուստեք քննարկվեցին ծրագրի իրականացման գործնական քայլերը, պայմանավորվածություն ձեռքբերվեց հետագա հանդիպումների։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07