Տպել
Նորություններ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԻԹՈՎ
24.05.2024
Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր յուրաքանչյուրիդ կյանքում կարևոր ու հիշարժան օր է, գեղեցիկ նորի ու անխախտ լավատեսության սպասումը սրտում՝ հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ դպրոցին և մուտք գործում կյանքի մեկ այլ շրջափուլ։
Միախառնված զգացմունքների ներքո այսօր ձեր մտքում արևի պես հոգի ջերմացնող հուշերն են՝ պատանեկան ընկերության ու սիրո, անհոգ կյանքի և իհարկե, հիմնարար գիտելիք ամբարելու անփոխարինելի տարիների մասին։
Այսօր ես հաղորդակից եմ ձեր լիառատ ուրախությանը և ձեզ հետ լուսավոր հույսեր եմ կապում մեր պետության շենացման համատեքստում։
Սիրելիներս, ես ուզում եմ, որ անկախ ձեր ընտրած մասնագիտությունից և գործունեության ոլորտից, դուք նախևառաջ ձեր հայրենիքի աննկուն մարտիկը լինեք, ուզում եմ, որ մեր ժողովրդավար երկրի գիտակից քաղաքացին լինեք, որի կամքն ամուր է պետության կայացման գործում, և ի վերջո ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության այն երջանիկ քաղաքացին դառնաք, որն ապրելու և աշխատելու է իր շեն ու խաղաղ երկրում։
Եվ թող այսօր ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների զորությամբ և Աստծո օրհնությամբ ձեր ձեռնարկած գործերը միշտ պսակվեն հաջողությամբ։
Առանձնահատուկ ակնածանքով շնորհավորում եմ մեր մանկավարժներին և շնորհակալություն հայտնում՝ նվիրումով ևս մեկ սերունդ կրթելու և մեծ կյանք ճանապարհելու համար։
Շնորհավոր և բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։
ՁԵՐ՝ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ