Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ պատգամավորները և Կառավարության անդամները Արագածոտնի մարզում հանդիպեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

29.03.2024

 Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում այսօր տեղի ունեցավ մարզում բնակություն հաստատած, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպում, որի ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորները և Կառավարության ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով, ներկայացրին նրանց բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրի մանրամասները։

Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ նշելով, որ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական ապահովության հարցերը ՀՀ Կառավարության օրակարգում են, և այսօրվա հանդիպման նպատակն է պաշտոնատար անձանց հետ անմիջական հարցուպատասխանի միջոցով բարձրացնել մեր հայրենակիցների իրազեկությունը իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև արձանագրել նրանց հուզող հարցերն ու ուրվագծել դրանց լուծումները։ Աժ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր խոսքում նշեց, որ ԱԺ-ում քննարկվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող տարաբնույթ հարցեր և մշակվում են օրենքներ, և շատ կարևոր է, որ պատգամավորները հենց առաջին ձեռքից տեղեկանան խնդիրների մասին, ինչի համար էլ նախաձեռնվել են այս ձևաչափի հանդիպումները։
Հաջորդիվ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հակիրճ ներկայացրեց ԼՂ մեր հայրենակիցների համար իրականացված և իրականացվելիք ծրագրերը։
Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց բնակարանային ապահովման ծրագրին, հանգամանալից ներկայացվեցին մանրամասները։
Այսպիսով, նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։
Առաջնահերթություն է տրվելու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, անչափահաս երեխաներ ունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին, խոցելի խմբերի ընտանիքներին։ Հաջորդիվ առաջնահերթությունը կտրվի 1 կամ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին,այլ խմբերի ներկայացուցիչներին։
Պաշտոնատար անձանց ելույթներին հաջորդեց հարցուպատասխանի մասը, որի ընթացքում քննարկվեցին նաև մեր հայրենակիցների զբաղվածությանը և սոցիալական այլ խնդիրներին առնչվող հարցեր։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07