Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հանդիպեց ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ

25.02.2024

 Արագածոտնի մարզում այս պահի դրությամբ բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 4181 անձ, որից միայն Աշտարակ խոշորացված համայնքում՝ 3060։

Այսօր մեծ ձևաչափի շրջանակում՝ ավելի քան 500 անձանց մասնակցությամբ, տեղի ունեցավ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակ համայնքում բնակվող արցախցի մեր հայրենակիցների հանդիպումը։ Ներկա էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնի ղեկավարն ու աշխատակիցները։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշեց, որ նման ձևաչափով առաջին հանդիպումն է մեր հայրենակիցների հետ, որը կրելու է շարունակական բնույթ։
Սերգեյ Մովսիսյանը նախ ամփոփ տվյալներ ներկայացրեց Արագածոտնում բնակվող, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ՝ առանձնահատուկ կանգ առնելով Արագածոտնի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ աշխատանքի անցած անձանց թվի վրա։
Մարզպետն առաջարկեց հանդիպումն անցկացնել ինտերակտիվ, անկաշկանդ հաղորդակցության մթնոլորտում և հարցուպատասխանի միջոցով վերհանել ու արձանագրել խնդիրներն ու հրատապ լուծում պահանջող հարցերը։ Մարզպետի կողմից հընթացս ներկայացվեցին պետական աջակցության ծրագրերը՝ ներառելով սոցիալական, գյուղատնտեսական, կրթական, առողջապահական և այլ ոլորտները։
Հանդիպումն անցավ կառուցողական քննարկումների, նաև անխուսափելի էմոցիաների և ապրումակցման մթնոլորտում։ Մեր հայրենակիցներն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Կառավարությանն ու մարզպետի աշխատակազմին այս ամիսների ընթացքում ցուցաբերած աջակցության, ջերմ վերաբերմունքի և հյուրընկալության համար։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լավատեսական խոսքերով ամփոփեց ելույթներն ու նշեց․ «Դուք աշխատասեր, տաղանդավոր ժողովուրդ եք, ես վստահ եմ, որ միասնաբար մենք հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»։
Մարզպետը շեշտեց, որ ՀՀ Կառավարության ջանքերն ուղղված մեր հայրենակիցների սոցիալական հոգսերը օր առաջ թեթևացնելուն, շարունակական են, և արդեն քննարկվում են բնակարանային և սոցիալական ապահովության երկարաժամկետ ծրագրերի իրականացման մեխանիզմները։
«Մենք խորապես գիտակցում ենք, որ ձեր խնդիրները մեր խնդիրներն են և այդ պարտավորությունն ու պատասխանատվությունը մեր ուսերին է։ Մենք մեր հնարավորության սահմանում անելու ենք ամեն ինչ, որպեսզի դուք լիարժեքորեն անցնեք ձեր բնականոն կյանքին։ Մեր հանդիպումները շարունակական են, կապը՝ մշտական»,-ասաց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26