Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի հետ դիտարկել է համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքը և արդյունքը

15.01.2024

 Արագածոտնի մարզում ինտենսիվորեն շարունակվում են պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները։ Ձմռան պայմաններում դրանց իրականացման դժվարությունները տեղում արձանագրելու, շինարարության որակին անձամբ ծանոթանալու և շինարարների հետ զրուցելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի հետ շրջայց կատարեց Ծաղկահովիտ, Ալագյազ, Ապարան և Աշտարակ համայնքներում։

Շրջայցին ներկա էին համայնքապետեր, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, պաշտոնատար այլ անձինք։
Ստուգայցի առաջին կանգառը պետական ծրագրով կառուցվող Ծաղկահովիտի առողջության կենտրոնն էր։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 615 մլն դրամ է, շինաշխատանքները մեկնարկել են 2021թ․, ավարտը նախատեսվում է 2024 թ․։
Հաջորդիվ, պաշտոնատար անձինք այցելեցին պետական ծրագրով կառուցվող «Ալագյազի համայնքային կենտրոն»։ 2023 թ․ մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 350 մլն դրամ է, ավարտը նախատեսվում է 2024թ․։
Նույն համայնքում պետական ծրագրով կառուցվում է 144 տեղ հզորությամբ մոդուլային տիպի մանկապարտեզ, որի աշխատանքներն այսօր ևս դիտարկվեցին։
Ծրագրի արժեքը շուրջ 837 մլն դրամ է, ծրագրի ավարտը նախատեսվում է 2024 թ․։
Հաջորդ համայնքում՝ Ապարանում, դիտարկվեցին սուբվենցիոն 2 ծրագրեր։
Առաջինը Եղիպատրուշ բնակավայրում 2023 թ․ իրականացված գազաֆիկացման աշխատանքներն էին, որոնք ամբողջությամբ ավարտված են։ Ծրագրի արժեքը 138 մլն 915 հազար դրամ էր, որի 60 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից, 40-ը՝ համայնքից։
Հաջորդիվ, մարզպետն ու փոխնախարարը եղան Ապարան համայնքի Շենավան բնակավայրում 2022 թ․ սուբվենցիոն ծրագրով նոր կառուցվող մանկապարտեզում։ Ծրագրի արժեքը 282 մլն 993 հազար դրամ է, որի 70 տոկոսը վճարվում է պետական բյուջեից, 30 տոկոսը՝ համայնքային բյուջեից։
Շրջայցն ամփոփվեց Աշտարակ համայնքի տարբեր բնակավայրերում 2022 թ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվող մանկապարտեզներում։ Մասնավորապես, դիտարկվեցին Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է, արժեքը 190 մլն 550 հազար դրամ է, որից 70 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, 30-ը՝ համայնքային բյուջեից։
Աշտարակ քաղաքի թիվ 4 Հասմիկ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են, ծրագիրը կատարված է շուրջ 60 տոկոսով, ընդհանուր արժեքը 299 մլն 910 հազար դրամ է, որից 70 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, 30-ը՝ համայնքային բյուջեից։
Կառուցվող ու վերակառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում թե՛ մարզպետը, թե՛ փոխնախարարը խիստ ընդգծեցին բարձր որակով աշխատանքը կատարելու կարևորությունը։ Մարզպետը համայնքապետերին հորդորեց իրենց հերթին հետևողական լինել՝ պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներում լավագույն արդյունք ապահովելու համար։
Մարզպետի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այս ուղղությամբ հանձնարարականներ տվեց։
Շրջայցերը շարունակական են։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07