Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

31.12.2023

 ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

․․․Թող Նոր տարին աշխարհը կամրջող խաղաղության ծիածան դառնա
Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտագին մաղթանքներ եմ հղում յուրաքանչյուրիդ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։
2023 թվականը ակնթարթն է դառնում մեր պատմության․ այն մի ժամանակահատված էր, որը մեզ համար քարը քարին դնելու, կառուցելու, ստեղծելու ևս մեկ հնարավորություն էր։ Եվ հիմա մեր արածը վերլուծելու պատեհ վայրկյաններն են։
Անցնող տարում մենք ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո շարունակեցինք ապահովել Արագածոտնի մարզի զարգացման առաջանցիկ տեմպը։
• Մարզում հիմնանորոգեցինք ընդհանուր 53 կմ 194 մ ճանապարհ։
• Մարզպետարանի բյուջեի վերաբաշխումների միջոցով`170 մլն դրամի ներդրմամբ, արդիականացրինք 15 դպրոցների կրթական միջավայրը՝ դպրոցականներին նվիրելով հիմնանորոգված մարզադահլիճներ, հանդիսությունների սրահներ, լուծեցինք ջեռուցման ու տասնյակ այլ խնդիրներ։
• Ընդհանուր 30 մլն դրամի սոցիալական աջակցություն տրամադրեցինք մարզի բնակիչ 871 անձի։
• Կարողացանք ապահովել գյուղմթերքի արտադրության բարձր ցուցանիշներ։
• ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 4283-ին կամ 1082 ընտանիքի օժանդակեցինք Արագածոտնի մարզում մշտական բնակություն հաստատելու գործում։
• ԼՂ-ից բռնի տեղահանված 30 մանկավարժի աշխատանքի ընդունեցինք մարզի դպրոցներում։
Իհարկե, սրանք մեր գործունեության շրջանակում իրականացված աշխատանքների մի մասն են միայն, որոնք մենք առանձնակի կարևորեցինք։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմը ողջ տարվա ընթացքում աշխատանքային բոլոր ուղղություններով մեծ ծավալի աշխատանք կատարեց՝ նպաստ բերելով մարզի համընդհանուր զարգացման հայրենանվեր գործին։
Եվ ուզում եմ վստահեցնել, որ 2024-ին նույն եռանդով ու պետականամետ մտածողությամբ մենք շարունակելու ենք մեր ստանձնած աշխատանքը՝ գերազանցելով ինքներս մեզ։
Ամանորյա մաղթանքներն իրականանալու մոգական ուժ ունեն․ եվ ուրեմն, ուզում եմ՝ մեր պետությունն անսասան ու հզոր լինի, հայերս անպարտելի միասնական, հայրենասեր ու հայրենատեր լինենք։
Եվ իհարկե, հատուկ ակնածանքով շնորհավորանք եմ հղում մեր պետության սահմանը հսկող զինվորին, սահմանապահին, Աստված ձեր բազուկը մի՛շտ դալար պահի։
Երախտիքով ու խոնարհումով եմ հիշում հայրենիքի համար կյանք տված մեր հերոսներին․ հավերժ փառք։
Եվ թող Նոր տարին դառնա նոր երազը մեր սրտի, դառնա երգ մի հաղթաձայն և աշխարհը կամրջող խաղաղության ծիածան։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
ՁԵՐ՝ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58