Տպել
Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ տարին ամփոփող խորհրդակցություն անցկացրեց
18.12.2023
2023 թվականի նախավերջին աշխատանքային շաբաթը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն սկսեց ամփոփիչ խորհրդակցությամբ։ Մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչները ըստ ոլորտների զեկուցումներ ներկայացրին՝ ի մի բերելով անցնող տարում կատարած ծրագրերն ու նախանշելով 2024-ի անելիքները։
Տեղեկատվություն հաղորդվեց 2021-2023 թթ․ սուբվենցիոն ծրագրերի կատարողականի, ինչպես նաև 2024 թ․ հայտերի վերաբերյալ։ 2024 թ․ համար համայնքներից ներկայացվել է ընդհանուր 12 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրային հայտ։ Հանգամանալից ներկայացվեցին ծրագրերի կատարման հետ կապված խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մարզպետը հանձնարարականներ տվեց։
Հաջորդիվ զեկուցվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վերաբերյալ։ Ընդհանուր հավաքագրումը այս պահի դրությամբ 99,2 տոկոս է, նախատեսվում է մինչև տարեվերջ ապահովել 100 և ավելի տոկոս։
Քննարկվեցին նաև ձմռանը ճանապարհների սպասարման հետ կապված հարցեր, մարզպետը խիստ հանձնարարեց հետևողական լինել ճանշինների աշխատանքի պատշաճ կատարման հարցում։
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտի վերաբերյալ նախ զեկուցվեց կամավոր ատեստավորման արդյունքների վերաբերյալ, ըստ այդմ, այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում ատեստավորման արդյունքով դրական միավոր ստացած 184 ուսուցիչ կա, որոնք հավելյալ վարձատրություն կստանան իրենց ապահոված միավորին համապատասխան։ Այնուհետև ներկայացվեց տարվա ընթացքում մշակութային ու մարզական միջոցառումների կատարողականը։
Հաջորդիվ քննարկվեցին ֆինանսական, ՏԻՄ, զարգացման ծրագրերի, սոցիալական, առողջապահական, անձնակազմի կառավարման ոլորտների աշխատանքները։ Զեկուցվեցին Արագածոտնի մարզում հաստատված արցախահայության սոցիալական հարցերն արծարծող, պետական ծրագրերի կատարմանն ու անձնակազմի համալրմանը, վերապատրաստմանը վերաբերող հարցեր։
Գյուղատնտեսական ոլորտն ամփոփելիս շեշտադրվեց, որ մարզում տարին բերքառատ է եղել, ավելացել են պտուղ-բանջարեղենի, գյուղատնտեսական այլ մթերքների արտադրության ծավալները։
Դպրոցաշինական ծրագրերի ուղղությամբ զեկուցվեց թե՛ պետական, և թե՛ մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ՝ բյուջեի վերաբաշխմամբ իրականացվող աշխատանքների մասին։ Արձանագրվեց, որ այս տարի տասնյակ դպրոցներ տոնել են վերանորոգված մարզադահլիճների, դասասենյակների, այլ ենթակառուցվածքների բացումները և առաջիկա տարում ևս շարունակվելու է աննախադեպ դպրոցաշինական ծրագրերի իրականացման գործընթացը։
Նիստն ամփոփվեց Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներքին կարգապահական հարցերի դիտարկմամբ, ընդգծվեց՝ այս ուղղությամբ որևէ էական խնդիր չի արձանագրվել։
Բոլոր զեկուցումների ավարտից հետո ոլորտային պատասխանատուները մարզպետից հանձնարարականներ ստացան։
Եզրափակելով քննարկումը՝ մարզպետը բոլորին մաղթեց արդյունավետ շաբաթ և հորդորեց ուժերի գերլարումով մինչև տարեվերջ ավարտին հասցնել նախատեսված բոլոր աշխատանքները։