Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետի մասնակցությամբ բնակարանամուտ տոնեցին Ապարան քաղաքի 43 բնակիչներ

15.12.2023

 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ներկա գտնվեց Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը:

Այն կառուցվել է Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիրը լուծելու նպատակով:
Արարողությանը ներկա էին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք։
Վարչապետը շնորհավորեց բոլորին բազմաբնակարան շենքի կառուցման առիթով և իր խոսքում նշեց. «Մենք Հայաստանում տարբեր խնդիրների շարքում ունենք նաև խնդիր՝ կապված վթարային շենքերի հետ: Հանրապետությունում, ցավոք, շատ մեծ թվով վթարային շենքեր կան, և մենք անընդհատ մտածում ենք, թե ինչպես լուծենք այդ հարցը: Չեմ կարող ասել, թե շատ մեծ տեմպերով այդ հարցը լուծում ենք, բայց, իհարկե, պետք է այդ մասին մտածենք: Վերադառնալով այսօրվա իրադարձությանը՝ հարկ եմ համարում արձանագրել, թե ինչ եմ ցանկանում այն ընտանիքներին, ովքեր այսօր նորամուտ են նշելու: Ցանկանում եմ, որ այդ ընտանիքները Կառավարության, պետական բյուջեի կողմից այս բնակարանները ստանալով, կենտրոնանան աշխատանքի վրա, իրենց երեխաները՝ կրթության վրա»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ աշխատում, են, պետական բյուջե հարկեր են վճարում և Կառավարությունն էլ պետական բյուջեի միջոցներով կարողանում է այսպիսի ծրագրեր իրականացնել: «Ես ուզում եմ, որ այս շենքի բոլոր բնակիչներն աշխատեն, պետական բյուջեին հարկեր վճարեն, որպեսզի ուրիշներին էլ, ովքեր ամենատարբեր կարիքներ ունեն, նրանց էլ այդ բաժնեմասը հասնի: Հարկերը պետությանը չեն վճարում, մարդիկ իրենք իրենց են վճարում, և այս շենքը դրա օրինակն է»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այդ հարկերի շնորհիվ ճանապարհներն են ասֆալտապատվում, բժշկական կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվում և այլն: «Ես ուզում եմ, որ հենց այս ընկալմամբ դուք այսօր մտնեք ձեր տները: Այսօր, իհարկե, ես եկել եմ ուղղակի սեփական աչքերով տեսնել, որ ամեն ինչ որակով է արված և հույս ունեմ, որ այդպես է: Ուզում եմ ուրախ Նոր տարի ցանկանալ, արդեն տարեմուտ ենք մտնում և ուզում եմ, որ դուք բարձր տրամադրությամբ նշեք Նոր տարին, Սուրբ Ծնունդը»,-ասաց Վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Հայաստանի Հանրապետությունը մեր բոլորի սեփականությունն ընկալելու կարևորությունը. «Սա մեր պրոբլեմն է, իրար հետ եկեք սովորենք ծառ տնկել, ծաղիկ տնկել, իրար հետ մաքուր պահել, իրար հետ կիսել: Եվ սեփականության զգացման համար պարտադիր չէ, որ այնտեղ ցանկապատեր լինեն, մեծ կողպեքներով դռներ, դռնից ներս սեփականության զգացումն ավելի մեծանում է դռնից դուրս սեփականության զգացումով, որովհետև այդ սեփականությունը սկսվում է, այո, չգիտեմ էլ այնտեղից է սկսվում, թե այստեղից: Հայաստանի Հանրապետությունն է մեր բոլորի սեփականությունը, որովհետև եթե մենք մեր սեփականությունն ընկալենք մեր շենքի ներսը, մենք մոռացության կմատնենք մեր իրական ամենամեծ սեփականությունը և ամենամեծ հարստությունը, որն է՝ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այսօր այս բնակարանները ձեզ տրամադրելով՝ ուզում է, որ դուք այդտեղ զգաք ձեզ երջանիկ, դուք զգաք ձեզ ազատ, դուք զգաք ձեզ հպարտ երկրի հպարտ քաղաքացի, բայց դա կենաց չէ, դա աշխատանք է, որը մենք միասին պետք է անենք»:
Բնակարանների բանալիները սեփականատերերին հանձնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Շնորհավորական խոսքում մարզպետն իր խորին շնորհակալությունը հայտնեց Կառավարությանը՝ ի դեմս Վարչապետի, շինարարներին, բոլոր այն գերատեսչություններին ու մարդկանց, որոնք ներդրում են բերել շենքը կառուցելու գործում։
Նա մեջբերեց Վարչապետի ասած միտքը՝ «Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», ապա նշեց, որ այդ միտքը կարող ենք իրականություն դարձնել բոլորս՝ պետության հանդեպ մեր խելամիտ գործունեությամբ ու սրտացավ վերաբերմունքով, ինչպես նաև պահպանելով այն ինչ ունենք։
Հաջորդիվ վարչապետը շրջել է նորակառույց շենքի բնակարաններով, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքների որակին և ստեղծված պայմաններին:
Նշենք, որ 682 մլն դրամ պետական միջոցներով կառուցվել է թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան նոր շենք, որից 38-ը կհատկացվի վթարային շենքերում բնակվող ընտանիքներին, իսկ 2-ը կտրամադրվի 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին, ևս 3-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42