Տպել
Նորություններ
Հայ-իրանական բարեկամությունը միշտ բարձր հիմքերի վրա է․ Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցում էր Իրանի դեսպանը
12.12.2023
Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում, որպես 3-րդ օտար լեզու, դասավանդվում է պարսկերենը։Այն ուսումնասիրում է դպրոցի 230 աշակերտ։
Պարսկերեն սովորող դպրոցականներն ամեն տարի իրենց գիտելիքներն ամփոփում են հանդիսավոր միջոցառմամբ, որին այս տարի հատուկ հրավերով մասնակից դարձավ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ պարոն Մեհդի Սոբհանին։
Դպրոցում դեսպանին դիմավորեցին Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, դպրոցի տնօրենությունը։
Երկու երկրների մշակութային գույներով համադրված միջոցառման հիմնական ուղերձը հայ-իրանական բազմադարյա բարեկամությունն էր։
Շեշտադրելով երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները՝ հայ պատանիները Իրանի դեսպանին վստահեցրին, որ սիրով են սովորում պարսկերենը, լավ են տիրապետում լեզվին ու հետաքրքրասիրությամբ են ուսումնասիրում դրկից ու բարեկամ երկրի պատմությունն ու ազգային ավանդույթները։
Շնորհակալական խոսքում Ն․Գ․ պարոն Մեհդի Սոբհանին նշեց․
«Ամենակարևորը որևէ բանի շուրջ համախմբվելն է, այս միջոցառումն առիթ էր միմյանց հետ շփվելու, հանդիպելու։ Շատ ուրախ եմ, որ մեր երկրի լեզուն այսքան սիրով եք սովորում։ Հայաստանն ու Իրանը երկար տարիներ է՝ բարեկամներ են։ Հայերը ջերմ, ազնիվ ժողովուրդ են»։
Հանդիպման ավարտին դեսպանը պարսկերենի դասագրքեր նվիրեց դպրոցին, իր ստորագրությամբ մի քանի գիրք անձամբ հանձնեց պարսկախոս աշակերտներին։
Մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը մարզի ղեկավարության անունից դեսպանին շնորհակալություն հայտնեց այցելության, երկու երկրների բարեկամական կապերն ընդլայնելու շահագրգռության, դպրոցին պարսկերենի դասագրքեր նվիրելու համար։ Նա վստահություն հայտնեց, որ նոր դասագրքերը կբարձրացնեն երեխաների սովորելու մոտիվացիան։


