Տպել
Նորություններ
Կայացել է ՀՀ Վարչապետի գավաթ սիրողական խճուղավազքի մրցաշարը
05.11.2023
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է մասնակցել:
ՀՀ Արագածոտնի մարզը ներկայացրել են 680 դպրոցականներ։
Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Ողջունելով մրցաշարի մասնակիցներին և հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս մրցաշարը կազմակերպվել է բոլոր իրավիճակներում առաջ ընթանալու, մեր կամքն ամրացնելու, մեր առջև դրված խնդիրները լուծելու, մեր հաստատակամությունը վերահաստատելու մղումով: Մենք մեր ընթացքը չենք կասեցնի, որովհետև մեր նպատակը ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է: Ուզում ենք այսօրվա մրցանակակիրներին ինչ-որ առումով օրինակ դարձնել քաղաքացիների համար՝ զբաղվելու սպորտով և վարելու առողջ ապրելակերպ: Մեր նպատակը, սկսած կրթական համակարգից, թե՛ մտքով, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ուժեղ անհատ՝ հետևաբար նաև ուժեղ հանրություն ունենալն է: Ամեն ինչ անելու ենք տարեցտարի մրցաշարն ավելի գրավիչ և մասսայական դարձնելու համար»:
Վարչապետն ընդգծել է նաև, որ շարունակական աշխատանքներ են իրականացվում սպորտի տարբեր ոլորտները զարգացնելու ուղղությամբ:
Մրցաշարի հաղթողներին պարգևատրել են պաշտոնատար անձինք։
Նշենք, որ Արագածոտնի մարզից Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Էրիկ Հարությունյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։