Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Աժ պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ մասնակցել է մարզի 2 նախակրթարանների բացման արարողությանը

23.10.2023

 Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ և Մուղնիի Մեսրոպ Ասճյանի անվան հիմնական դպրոցների նորաստեղծ նախակրթարաններն այսօր հանդիսավորությամբ գործարկվեցին։

Նախակրթարանների գործունեության տոնական մեկնարկին ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ովքեր էլ կտրեցին կարմիր ժապավեններն ու բարի երթ մաղթեցին նախակրթարաններին։
4-5 տարեկան սաների համար նախատեսված նախադպրոցական այս հաստատությունները հիմնվել են ՀՀ Կառավարության «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով և Աշտարակի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։
Շնորհավորանքի խոսքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել նախակրթարանների բացման գործում։ Նա համոզմունք արտահայտեց այն կապակցությամբ, որ նախակրթարանների ստեղծմամբ՝ նախադպրոցական կրթությունից դեպի դպրոցական կրթություն անցումն առավել սահուն է լինում, երեխան դպրոց է գնում առավել պատրաստված։ Այս համատեքստում նա կարևորեց նախակրթարանների դերակատարումն ու հույս հայտնեց, որ դրանք դառնալու են երեխաների զարգացման բարենպաստ ու անփոխարինելի կենտրոններ։
Ողջույնի խոսքում պատգամավոր Գևորգ Պապոյանը երախտագիտություն հայտնեց մանկավարժներին, որոնք մեծ ու հայրենանվեր աշխատանք են կատարում։ Պատգամավորը ուժ ու եռանդ մաղթեց նրանց, շնորհավորեց նախակրթարանի բոլոր շահառուներին՝ փոքրիկներից մինչև մանկավարժներ ու ծնողներ։
Նախակրթարանների փոքրիկ սաները տոնական հանդես ներկայացրին հյուրերի համար՝ արտահայտելով իրենց ուրախությունն ու ոգևորությունը։
Հավելենք, որ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ, Բյուրականի նախակրթարանի համար ծախսվել է շուրջ 12 մլն դրամ․ այն ունի 50 տեղ հզորություն, իսկ Մուղնիի նախակրթարանի հիմնման համար ներդրվել է 5 մլն 700 հազար դրամ, այն ունի 15 սան։
Նախակրթարանները հագեցած են նոր գույքով ու անհրաժեշտ գրենական պիտույքներով։
Նախակրթարանների բացման արարողությունից հետո ԱԺ պատգամավորն ու մարզպետը զրուցել են դաստիարակների հետ, հաջողություն մաղթել նրանց աշխատանքում, հանդիսություններին ներկա ծնողներն էլ մեծ գոհունակություն են հայտնել պետական այրերին՝ չափազանց կարևորելով իրենց համայնքներում ժամանակակից պայմաններով նախակրթարանների առկայությունը, ինչը միտված է նաև կրճատելու մանկապարտեզների ծանրաբեռնվածությունը։
Շնորհավորում և անխափան երթ ենք մաղթում նախակրթարաններին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26