Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստում ներկայացվեցին տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ աշխատանքները, օրակարգ մտավ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող հարցը

11.10.2023

 

Արագածոտնի մարզպետ, մարզխորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ և օրակարգային 8 հիմնական հարցերի զեկուցմամբ այսօր տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը։
Մասնակից էին մարզխորհրդի անդամները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի, պետական կառույցների մարզային ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին, մարզպետը հաստատման ներկայացրեց օրակարգի նախագիծը, ապա առաջին հարցը զեկուցելու համար խոսքը տրամադրեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանին։ Զեկուցողը ներկայացրեց բոլոր 8 համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացիկ պատկերը՝ ընդգծելով, որ մինչև տարեվերջ ցուցանիշները գոհացնող կլինեն։ Այս կապակցությամբ մարզպետը նշեց, որ համայնքները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի արձանագրեն 100 % հավաքագրում։
Հաջորդ զեկուցողը ՏԿ և ՏԻՀ հարցերի վարչության պետ Հովհաննես Ասատրյանն էր, ով հաջորդաբար ներկայացրեց օրակարգում ներառված 3 հարցերը։ Դրանք վերաբերում էին համայնքներում ամենամյա չօգտագործված արձակուրդներին, համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքներին և բնակչության ազդարարումն ապահովելու նպատակով մարզում ազդարարման համակարգի ներդրման գործընթացին։
Հանքերի նպատակային նշանակության փոփոխության մասին, սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և բնակավայրերի մուտքի և ելքի ցուցանակների վերաբերյալ զեկուցեց քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանը։
Մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը հաջորդ զեկուցողն էր, ով ամփոփ ներկայացրեց դպրոցաշինական ծրագրերը՝ կանգ առնելով ՀՀ Կառավարության հովանու ներքո իրականացվող «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում մարզում կառուցվող, նորոգվող ու վերակառուցվող 23 դպրոցների ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև դպրոցների շենքային պայմանների բարելավմանն ուղղված անհետաձգելի ծրագրերի ու մարզպետի որոշմամբ, մարզպետի աշխատակազմի խնայողությունների հաշվին դպրոցներում մեկնարկած վերանորոգման աշխատանքների վրա։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի առաջարկությամբ օրակարգում ներառվեց ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Արագածոտնի մարզում հյուրընկալելուն, նրանց կարիքների գնահատմանը և խնդիրների լուծմանը վերաբերող հարցը։
Այս մասին, մարզպետի հանձնարարությամբ, տեղեկատվություն ներկայացրին Սոցիալական ապահովման և առողջապահության վարչության պետ Կարեն Թաթուլյանը, Նորայր Գալստյանը և Արմեն Գրիգորյանը։
Զեկուցվեց, որ Արագածոտնում բնակությունն են հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 4000 անձինք, որոնք, Կառավարություն-մարզպետի աշխատակազմ-համայնքներ համագործակցությամբ ապահովվել են հնարավորինս լավ կեցավայրերով, սնունդով, անհրաժեշտ դեղորայքով և այլ պարագաներով։
Հաղորդվեց, որ ԼՂ-ից տեղահանված և Արագածոտնում բնակություն հաստատած 2 ընտանիքներում այս օրերին լույս աշխարհ է եկել 2 արու զավակ։
Զեկուցվեց նաև, որ դպրոցահասակ երեխաների հիմնական մասը ուսումը շարունակում է մարզի դպրոցներում և նրանց գրքերով, գրենական պիտույքներով ապահովելու գործընթացը կատարվել է պատշաճ կերպով։
Ամփոփելով նիստը՝ մարզպետը կրկին ընդգծեց ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծման գործում մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների սերտ գործակցության ու ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։ Սերգեյ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին և առօրյա աշխատանքում հաջողություն մաղթեց։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58