Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Օհանավանի նորակառույց դպրոցի աշխատանքներին, հանդիպեց աշակերտների և ուսուցիչների հետ

04.09.2023

 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել

ՀՀ-ում «300 դպրոց 500 մանկապարտեզ» պետական ծրագրով կառուցված ու վերակառուցված հանրակրթական ուսումնական հաստատություններում և ծանոթացել կատարված աշխատանքներին։
Այցի շրջանակում Վարչապետը եղավ Արագածոտնի մարզի Օհանավանի միջնակարգ դպրոցում։
Այն կառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, շինարարական աշխատանքներն սկսվել են 2021-ին և ավարտվել այս տարի։ Սեպտեմբերի 1-ին դպրոցը հյուրընկալել է իր 361 սաներին։
Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 880 մլն դրամ, բացի դրանից նոր գույքի համար հատկացվել է 24,6 մլն դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի բարեկարգ բակ և բացօթյա մարզադահլիճ։
Այցի ընթացքում Վարչապետին ուղեկցում էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք։
Վարչապետին դիմավորելիս օհանավանցի փոքրիկները կատարեցին ՀՀ օրհներգը, ապա շնորհակալական խոսքեր հղեցին երկրի ղեկավարին ու Կառավարությանը՝ նոր ու ժամանակակից դպրոց կառուցելու համար և խոստացան լավ սովորել ու պետության արժանավոր քաղաքացին դառնալ։
Վարչապետն իր ելույթում նշեց, որ ուսումնական պրոցեսում պետք է կարողանալ հասնել նրան, որ երեխան ինքն իրեն ճանաչի, իր տաղանդը ճանաչի, բացահայտի, զարգացնի և հասնի բարձունքին, հասնի իր առաքելությանը, որն ինքը վստահաբար, ունի:
«Մեր շրջանավարտները, սկզբունքորեն, բոլորը պետք է ի վիճակի լինեն ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք է ընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություն։ Պետք է հասկանալ՝ մարդն ինչի մեջ է իրեն լավ զգում․ այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր մարդիկ կան՝ բարձրագույն կրթության դիպլոմով աշխատանք չունեցող, կամ իրենց աշխատանքից, մասնագիտությունից գոհունակություն չզգացող։Սա է պատճառը, որ երեխային մեկ տարեկանից կրթական համակարգի շահառու դարձնելու մասին ենք մտածում, և բարձրագույն կրթության բարեփոխումները պակաս կարևոր չեն։
Դպրոցը, կրթությունը հետևյալի համար է, որ մարդը կարողանա ինքն իրեն դասավորել, դիրքավորել և տեղավորվել կյանքի տրամաբանության մեջ, լինել անհատ, լինել ստեղծագործ և զգալ երջանիկ լինելը։ Մեկը կարող է իրեն երջանիկ զգալ բժշկի դերում, մյուսը՝ զինվորականի, ուսուցչի դերում։ Շատ ուրախ եմ, որ այսօր հանրապետությունում ունենք մի իրավիճակ, որ մեր շարքային կազմի զինվորականները կարող են ստանալ 400-600 հազար դրամ աշխատավարձ, մեր ուսուցիչները՝ 350-500 հազար դրամ աշխատավարձ։ Մենք նույն պայմանները ստեղծում ենք նաև մանկապարտեզների դասվարների, մարզիչների համար և ջանում բոլոր տաղանդավոր մարդկանց ինքնադրսևորվելու հարթակ տալ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ահա այսպիսի դպրոցը, այսպիսի իրավիճակը Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներն են։
Երևանից դեպի Օհանավան բերող ճանապարհը մեծ թափով նորոգվում է, դպրոց բերող ճանապարհի մի հատվածը նորոգված է, մյուս հատվածը նորոգվում է։ Այս ամենն անում ենք մի բանի համար, որ ձեզնից յուրաքանչյուրն իրեն զգա Հայաստանի Հանրապետության հպարտ, երջանիկ և լիարժեք քաղաքացի։ Այն տրամաբանությամբ, որ մենք բոլորս պետք է կառուցենք այդ երջանկությունը, պետք է կառուցենք այդ լիարժեքությունը, պետք է կառուցենք և պահպանենք այդ հպարտությունը։
Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը: Շնորհավոր Օհանավանի միջնակարգ դպրոցը»,-իր ելույթում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ելույթ ունեցավ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ ողջունելով բոլորին ու շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Մարզպետը երախտագիտություն հայնտնեց Վարչապետին ու Կառավարությանը՝ դպրոցաշինական մեծ ծրագրերի կյանքի կոչման համար։ Աշակերտներին հորդորեց խնամքով վերաբերվել իրենց դպրոցին, արդիական կրթական միջավայրում լավ սովորել ու մրցունակ լինել։
Վարչապետին ու Կառավարության անդամներին շնորհակալական խոսք հղեց դպրոցի տնօրեն Նարինե Միսակյանը։
Հաջորդիվ, Վարչապետի գլխավորությամբ Օհանավանի դպրոցում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է հանրապետությունում 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ընթացքը: Վարչապետը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով որակին:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07