Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների մասին պարզաբանումներ ներկայացնելու նպատակով այսօր Արագածոտնում էին ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ և հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք։
Մարզի 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցության մեկնարկն ազդարարեց մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ մինչև 2024 թվականը Արագածոտնի գրեթե բոլոր դպրոցները կունենան ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաներ, այդ թվում՝ 13-ը կգործարկվեն այս ուսումնական տարվա սկզբին։
Նա խոսեց նաև ՀՀ Կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի մասին՝ նշելով, որ Արագածոտնի մարզում դրա շրջանակում 1-ին փուլով 22 դպրոց է կառուցվելու, վերակառուցվելու։ 3 դպրոցի՝ Օհանավանի, Լուսակնի և Գառնահովիտի շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ 2-ի՝ Սասունիկի և Արագածավանի թիվ 1 դպրոցների կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, ուստի նոր ուսումնական տարվանից այս դպրոցների աշակերտների ուսումնական պրոցեսը, մինչև դպրոցների կառուցման ավարտը, կկազմակերվի մոտակա այլ դպրոցներում։
Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, ողջունելով ներկաներին, նախ ամփոփ տվյալներ ներկայացրեց Արագածոտնի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշների մասին՝ հղում կատարելով ԳԹԿ ներկայացրած տվյալներին։ Հաջորդիվ, խորհրդակցության բուն հատվածում, փոխնախարարը հանգամանալից կանգ առավ պետական նոր չափորոշչի ներդրման, հանրակրթության կազմակերպման գործընթացի լավարկմանը, կրթական միջավայրի արդիականացմանը, ուսուցչի դերի վերաիմաստավորմանը, նրա աշխատանքի խրախուսմանը, կարողունակությունների զարգացմանը, կրթության ներառականության ընդլայնմանն ու ընդհանուր առմամբ, կրթության որակի բարձրացմանն ուղղված այն նոր բաղադրիչների վրա, որոնք արդեն իսկ կգործարկվեն 2023-2024 ուսումնական տարվանից։ Ուշագրավ է, որ այս սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, իսկ 10-րդ դասարանում այն կգործի հաջորդ ուսումնական տարվանից։ Հետաքրքրական փոփոխություն է նաև այն, որ սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, ինչպես նաև ՀՀ բոլոր ԲՏՃ առարկաների ուսուցիչները կստանան 25 % հավելավճար։ Ի հավելումն փոխնախարարի պարզաբանումների՝ նախարարության ներկայացուցիչները խոսեցին աշակերտների կրթական իրավունքի իրացումն արդյունավետ կազմակերպելու կարևորության մասին՝ շեշտադրելով թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, և թե՛ բուլինգի, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման բացառման կարևորությունը։ Հնչած հարցերի շուրջ տնօրենները հարցադրումներ ներկայացրին, ծավալվեց քննարկում։ Հանդիպման ավարտին Արաքսիա Սվաջյանը շնորհավորեց նոր ուսումնական տարեմուտը և մաղթեց բեղմնավոր աշխատանքային տարի։ Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպեցին նաև նախադպրոցական ուսումնական հասատությունների ղեկավարների հետ՝ նրանց իրազեկելով նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունների մասին։ Ընդգծվեց, որ նախադպրոցական կրթությունը որպես կրթության առաջնային օղակ ոչ պակաս կարևորվում է ՀՀ Կառավարության կողմից, ուստի մեկնարկած մեծածավալ բարեփոխումների թիրախը նաև այս ոլորտի զարգացումն է։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով մարզերում շուտով կհիմնվեն նոր մանկապարտեզներ, կվերակառուցվեն գործողները, բացի շենքային արդի պայմաններ ապահովելուց, ընթացքի մեջ են նաև բովանդակային փոփոխություններ, որոնք նախատեսում են նախակրթարանների և մանկապարտեզների մանկավարժական կազմի կարողությունների զարգացում և ֆինանսական նոր մոդելի կիրառում։