Տպել
Նորություններ
Մենք կարևորում ենք Արագածոտնում ֆուտբոլի զարգացումը․ մարզպետ Սերգեյ Մովսիսյան
15.08.2023
Ամենասիրված ու մասսայական սպորտաձևերից մեկի՝ ֆուտբոլի զարգացմանն ուղղված քայլերը և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց ՀՖՖ Արագածոտնի ներկայացուցիչ Նարեկ Էլոյանին։
Սերգեյ Մովսիսյանը, ողջունելով հյուրին, նշեց, որ մարզպետի աշխատակազմը միշտ պատրաստակամ է աջակցելու ֆուտբոլային միջոցառումների կազմակերպմանը, մարզաձևի խթանմանն ուղղված ցանկացած նախաձեռնության։
Նարեկ Էլոյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ ֆուտբոլի զարգացմանը միտված նախաձեռնություններին գործուն աջակցություն ցուցաբերելու համար, նշեց, որ Սերգեյ Մովսիսյանի հետ համագործակցության շնորհիվ մարզի ֆուտբոլի ասպարեզում շեշտակի ակտիվություն է արձանագրվում, մասնավորապես վերջին մեկուկես տարում մարզի ֆուտբոլային 4 թիմերը 31-ն են դարձել։ Նա անդրադարձավ նաև աղջիկների ֆուտբոլի զարգացմանը՝ ընդգծելով, որ Արագածոտնում գործում է 8-15 տարեկան աղջիկների 15 խումբ, և այս տարի «Ախթամար» թիմը հանդես է գալու կանանց առաջին խմբում, ինչը մարզի պատմության մեջ աննախադեպ իրողություն է։ Շարունակելով ֆուտբոլի ասպարեզում արձանագրվող հաջողությունների թեման՝ Նարեկ Էլոյանը խոսեց Ապարանի տարածաշրջանի Արագած բնակավայրում կառուցվող միջազգային ստանդարտներին համապատասխան ֆուտբոլի մարզադաշտի և նրան կից ենթակառուցվածքների մասին, որոնք հիմնվում են «Ախթամար» ֆուտբոլի ակադեմիայի համար։
Մարզպետը նշեց սերտ համագործակցությունը պահելու կարևորության մասին և ֆուտբոլային նախաձեռնություններին մաղթեց անխափան երթ։
Հանդիպման ավարտին, ի նշան երախտագիտության, Նարեկ Էլոյանը Սերգեյ Մովսիսյանին և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անվանական մարզաշապիկներ։