Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2024 թ․ համար աննախադեպ ծավալի՝ 12 մլրդ դրամի սուբվենցիոն հայտեր են ներկայացվել․ մարզխորհրդի նիստում ամփոփվեցին 2023 թ․ երկրորդ եռամսյակի աշխատանքի արդյունքները

01.08.2023

 Արագածոտնի մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որում ամփոփվեցին ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի աշխատանքի արդյունքները։ Մարզխորհրդի անդամ հանդիսացող համայնքապետերի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստում քննարկվեցին Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, քաղաքացիական պաշտպանությանը, բնօգտագործմանը, եկամուտների հավաքագրմանը վերաբերող և այլ ընդհանրական հարցեր, որոնց շուրջ զեկուցումներ ներկայացրին մարզպետի աշխատակազմի վարչության ու բաժնի պետեր։ Օրակարգում ներառված հիմնական հարցերը 7֊ն էին։

Ողջունելով մասնակիցներին` Սերգեյ Մովսիսյանն ազդարարեց նիստի բացումն ու ներկայացրեց օրակարգային առաջին հարցը, որը վերաբերում էր մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքներին։ Առկա ցուցանիշների շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը։
Հաջորդ 3 հարցերի վերաբերյալ զեկուցեց ՏԿ և ՏԻՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը։ Նշված հարցերն էին՝ մարզի համայնքներում ամենամյա չօգտագործված արձակուրդների, համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների ու բնակչության ազդարարումն ապահովելու նպատակով մարզում ազդարարման համակարգի ներդրման վերաբերյալ։
Նիստը շարունակվեց Արագածոտնի մարզի համաչափ զարգացմանն ուղղված՝ 2024 թ․ նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի և տեխնիկական բնութագրերի ներկայացման կարգի մասին զեկուցմամբ։ Թեման վերլուծեց Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։
Ուշագրավ է, որ ըստ ներկայացվածի, եկող տարի ակնկալվում է իրականացնել շուրջ 12 մլրդ դրամի ծրագիր, ինչն այս տարվա ծրագրերի գումարի գրեթե կրկնակին է։ Ընդ որում, նշվածից շուրջ 7 մլրդ դրամի հայտը Աշտարակ խոշորացված համայնքինն է։ Արձանագրվեց, որ 2024 թ․ սուբվենցիոն ծրագրերի հայտ ներկայացնելիս ակտիվություն են ցուցաբերել մարզի 8 համայնքներից 7֊ը․ պասիվ են եզդիական 2 համայնք՝ փոքր բյուջեի պատճառով։
Օրակարգը եզրափակող վերջին 2՝ «Ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխման մասին» և «Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022-2023թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ» հարցերը զեկուցեց Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանը։ Կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքների մասին խոսելիս Հակոբ Ստեփանյանը նշեց, որ շինարարական աշխատանքների համար նպաստավոր ժամանակահատված է, և տարբեր համայնքներում տարաբնույթ ծրագրերի կատարումն ակտիվ ընթացքում է, դրանց զգալի մասը մոտենում է ավարտական փուլին։
Հնչած զեկուցումներն, ըստ էության, վերհանում էին նաև ոլորտում առկա խնդիրները, որոնց վերաբերյալ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հանձնարարականներ տվեց ոլորտային պատասխանատուներին։
Ամփոփելով նիստը` Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ մարզի զարգացմանն ուղղված ցանկացած աշխատանք պետք է կատարվի ողջամիտ ժամկետում և պատշաճ հետևողականությամբ։
Մարզպետը բոլորին արդյունավետ աշխատանքային շաբաթ մաղթեց։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24