Տպել
Նորություններ
Սեպտեմբերից «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 25 տոկոսով ավելի
01.08.2023
Հարգելի՛ ուսուցիչներ, ներկայացնում ենք բնագիտական առարկաների և գյուղական փոքր (մինչև 100 աշակերտ ունեցող) դպրոցների ուսուցիչների նոր հավելավճարների հաշվարկման կարգը։
Նոր ուսումնական տարվանից՝ սեպտեմբերից, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով կամ ամեն դասավանդած ժամի համար 25 տոկոսով ավելի։
Ընդհանուր առմամբ, այս առարկաների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 25 տոկոսով՝ անկախ կամավոր ատեստավորումից։ Իսկ կամավոր ատեստավորված և հաջող արդյունք ցուցաբերած ուսուցիչների դեպքում 25 տոկոս աճը կկիրառվի 200 հազար դրամ դրույքաչափի վրա։
Սա կկիրառվի թե՛ հիմնական դասավանդման դպրոցում, թե՛ համատեղությամբ այլ դպրոցում աշխատանքի պարագայում։
Ծրագրի շահառու են դառնալու ավելի քան 8000 ուսուցիչներ։
Գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում բոլոր առարկաների ուսուցիչները, եթե օբյեկտիվորեն մի դրույքից պակաս ծանրաբեռնվածություն ունեն, կստանան հավելավճար, որը կլրացնի մեկ դրույքից պակասող մասը։ Օրինակ, եթե ծանրաբեռնվածությունը կես դրույք է, հավելավճարը կլինի կես դրույքի չափով։
Եթե ուսուցիչը բնագիտական առարկա է դասավանդում գյուղական փոքր դպրոցում, երկու ծրագրից էլ կօգտվի։ Ծրագրի շահառու են դառնալու ավելի քան 4000 ուսուցիչներ։