Տպել
Նորություններ
Արագածոտնի դպրոցները կունենան բնագիտական առարկաների նորագույն լաբորատորիաներ
27.07.2023
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում Արագածոտնի մարզի դպրոցներում իրականացվում է կարիքների գնահատման գործընթաց։
Նպատակը մարզի դպրոցներում «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «ՏՀՏ» առարկաների գործնական պարապմունքների անցկացման համար նորագույն լաբորատորիաների ստեղծումն է։
Հուլիսի վերջին տասնօրյակում ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այս կապակցությամբ մի քանի անգամ եղել են Արագածոտնում։
Նրանք նախ հանդիպել են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրել է մարզում նախատեսվող դրամաշնորհային ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով մարզում առկա հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, գույքի և նյութերի տրամադրմանը:
Մարզպետի աշխատակազմի կրթության պատասխանատուները ընդգծել են բնագիտական առարկաների ուսուցման պրոցեսի արդյունավետությունը բարձրացնելու և աշակերտների գործնական գիտելիք ու հմտություն փոխանցելու տեսանկյունից լաբորատորիաներ հիմնելու կարևորությունը և նշել, որ պատրաստակամ են լավագույնս աջակցելու գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
Ապա Արագածոտնի կրթական հաստատություններում տեղի են ունեցել շրջայցեր՝ դիտարկելով դպրոցներում լաբորատորիաների ստեղծման հնարավորությունները։
Այսպիսով, մինչև 2023 թ․ ավարտը վերը նշված 5 առարկաների լաբորատորիաները, համապատասխան նոր գույքով ու նյութերով կհիմնվեն Աշտարակի թիվ 1, Աշտարակի թիվ 2, Բյուրականի, Կարբիի, Փարպիի, Ուջանի, Աղձքի, Բազմաղբյուրի, Ոսկեվազի, Արագածի թիվ 1, Ուշիի, Կոշի, Արտաշավանի դպրոցներում։