Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնը՝ Թալինը սիրելու և այն շենացնելու, թալինցի լինելու համար հպարտանալու մասին․ մեծ շուքով նշվել է Թալինի օրը

23.07.2023

 Պաշտոնատար անձանց մասնակցությամբ, մշակութային ու ավանդույթ դարձած տոնախմբությամբ հուլիսի 22-ին՝ հուլիս ամսվա 3-րդ շաբաթ օրը, նշվեց Թալինի օրը։

Մասնակից էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ Մաթևոս Ասատրյանը, Հռիփսիմե Հունանյանը, Դավիթ Առուշանյանը, Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, Աշտարակի փոխհամայնքապետ Շանթ Վահանյանը, Թալինի քույր քաղաքի՝ Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուղիեն, փոխքաղաքապետ Ռոբերտ Տաֆանկեճյանը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Տոնը կազմակերպում է Թալինի համայնքապետարանը և նրա գլխավոր ուղերձը Թալինը սիրելու և այն շենացնելու, թալինցի լինելու համար հպարտանալու մասին է։
Տոնական միջոցառումները մեկնարկեցին Թալինի նորակառույց դարպասներից՝ կարմիր ժապավենի կտրման արարողությամբ։ Հենց այստեղ, ողջունելով Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուղիեին, նախարար Գնել Սանոսյանը նրան ներկայացրեց ՀՀ կառավարության՝ համայնքների ենթակառուցվածքները զարգացնելուն ուղղված ծրագրերը, հանգամանալից կանգ առավ սուբվենցիոն ծրագրերի, Թալինի զարգացման ծրագրերի վրա։
Այնուհետև տոնակատարության մասնակիցները Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին օրհնության ծեսի, որից հետո քայլերթով շարժվեցին դեպի Թալինի պանթեոն, խնկարկեցին հայրենիքի համար մղված պատերազմներում զոհված թալինցի տղաների հիշատակը։ Պանթեոնին կից Կաթողիկե եկեղեցում հյուրերի համար երաժշտական կատարումներ ներկայացրին թալինի շնորհալի երաժիշտներն ու երգիչները։
Արվեստի գործերի ցուցադրությամբ հյուրերին հիացրին նաև Թալինի գեղարվեստի դպրոցի սաները։
Համայնքի ավանդական ուտեստների, ազգային խոհանոցի համն ու հոտը հյուրերին ներկայացրին տարբեր բնակավայրերից ժամանած բնակիչները՝ իրենց տաղավարներում հյուրասիրելով պաշտոնյաներին և հյուրերին։
Թալինի հրապարակից մեկնարկեց միջոցառման երկրորդ մասը՝ համայնքապետ Տավրոս Սափեյանի ողջույնի խոսքով։ Նա ելույթում ընդգծեց, որ համայնքը զարգացնելու գործում նախանձախնդիր պետք է լինի յուրաքանչյուր թալինցի, իսկ համայնքի ղեկավարությունն իր հերթին անում է ամեն ինչ՝ Թալինը ծաղկած ու ցանկալի միջավայր դարձնելու համար։
Համայնքապետը հատուկ ընդգծեց հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը, բարձր գնահատեց Թալինի և Բուրգ-լե-Վալանսի ղեկավարությունների գործակցությունն ու պատրաստակամություն հայտնեց այն խորացնելու։
Հրապարակում շնորհակալագրեր, պատվոգրեր ու արծաթյա հուշանվերներ հանձնվեցին համայնքի զարգացման գործում ավանդ ներդրած պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարար Գնել Սանոսյանին, ԱԺ պատգամավորներին, մանկավարժների, ազատամարտիկների ու քաղաքացիների։
Օրվա ուշագրավ պահերից մեկը հրապարակում գտնվող «երգող» շատրվանների գործարկումն էր, որը, ըստ համայնքի ղեկավարության, պատեհ առիթով նվեր է բոլոր թալինցիների համար։
Միջոցառումը շարուակվեց երգ-երաժշտությամբ, պարային համույթների գեղարվեստական կատարումներով ու հայտնի երգիչ-երգչուհիների ելույթներով։
Յուրաքանչյուր թալինցի՝ մեծ թե փոքր, տոնի ընթացքում գտավ իր հետաքրքրությունը․ կազմակերպիչները փոքրիկների համար հատուկ նվեր՝ հետաքրքրաշարժն շոու ծրագիր էին պատրաստել, որի մասնակիցը դարձան հարյուրավոր երեխաներ։
Թալինի օրն ամփոփվեց ուշ երեկոյան՝ շքեղ հրավառությամբ և համայնքն ավելի շատ սիրելու, առավել մեծ պատասխանատվություն ու սրտացավություն ցուցաբերելու ինքնագիտակցությամբ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26