Տպել
Նորություններ
Կառավարության ֆինանսավորմամբ Սասունիկը կունենա նոր ու ժամանակակից դպրոց․ այն պատրաստ կլինի 2025 թվականին
19.07.2023
ՀՀ Կառավարության կողմից շուրջ 2,3 մլրդ դրամի ներդրմամբ Սասունիկը կունենա նոր ու ժամանակակից կրթական միջավայր․ դպրոցի համար կառուցվում է հիմնովին նոր շենք՝ ճարտարապետական ժամանակակից լուծումներով աչքի ընկնող ու բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, այդ թվում՝ ձմեռային այգի, ամֆիթատրոն, կանաչապատ բակ, բացօթյա մարզադաշտ և այլն։ Ըստ էության, իր տեսակով այն լինելու է մարզում եզակի դպրոցներից։
Շինարարությունը մեկնարկել է 2023թ․, ավարտը նախատեսվում է 2025թ․։
Օրերս դպրոցի կառուցման աշխատանքներին տեղում ծանոթացել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավարության ներկայացուցիչները, զրուցել են շինարարների հետ, ընդգծել աշխատանքը պատշաճ որակով կատարելու խիստ կարևորությունը։
Նշենք, որ նոր դպրոցի շենքը կառուցվում է գործող դպրոցի հարևանությամբ, ուստի, շինարարական աղմուկից ու փոշուց խուսափելու համար, ինչպես նաև անվտանգության նկատառումներով, սեպտեմբերից դպրոցի աշակերտների ուսումնական պրոցեսը կկազմակերպվի Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում։
Աշակերտների և ուսուցիչների ամենօրյա անվտանգ տեղաշարժի հարցը կլուծվի Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հոգածությամբ։