Նորություններ
Մարզային խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպում ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տ
28.06.2023
Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը, Արագածոտնի փոխմարզպետ Հ․ Գուլյանը, մարզպետի խորհրդական Ա․ Գրիգորյանը, ԿՄՍ վարչության պետ Գ․ Թադևոսյանը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատուներ։
Քննարկման օրակարգի հիմնական հարցերը վերաբերել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և սեպտեմբերից բոլոր դպրոցներում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչին:
Անդրադառնալով հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանը նշել է, որ նախորդ երկու տարում այն արդեն փորձարկվել է Տավուշի մարզում, իսկ նոր ուսումնական տարվանից ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցներում: Այդ նպատակով դասավանդող բոլոր ուսուցիչները վերապատրաստման դասընթացների կմասնակցեն: Ըստ փոխնախարարի՝ փոփոխություն է նախատեսվում գնահատման համակարգում, հատուկ շեշտադրում է արված ԲՏՃՄ ուղղության առարկաների, օտար լեզուների և հայագիտական առարկաների ուսուցման որակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին՝ հորդորելով նրանց ավելի լուրջ աշխատել ծրագիրը կազմելու ուղղությամբ, քանի որ զարգացման ծրագիրն անցնում է մասնագիտական փորձաքննություն՝ ստանալով եզրակացություն:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգով դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատված են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։
Վարչական կառավարման մեջ ներառվում են հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:
Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը՝ նշելով, որ նրանք կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը, եթե ապահովեն կամավոր ատեստավորման համար սահմանված նվազագույն շեմը: Անդրադարձ եղավ նաև «Հայաստանում 300 դպրոց, 500 մանկապարտեզ» ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում կրթական հաստատություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Արաքսիա Սվաջյանը պատասխանեց տնօրենների կողմից հնչեցված հարցերին, պարզաբանումներ ներկայացրեց նրանց հուզող խնդիրների վերաբերյալ: