Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնը մեկտեղել էր հայաստանյան բուհերի ավագ և երիտասարդ սերնդի գիտնականներին․ տեղի ունեցավ «Արագածոտնի պատմամշակութային նկարագիրը» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Միհրան Ասատրյանի հիշատակի

21.06.2023

  Արագածոտնի նյութական և ոչ նյութական ժառանգությունը գիտական լույսի ներքո, նոր բացահայտումներով ու ուշագրավ զեկուցումների տեսքով ներկայացվեց Թալինում տեղի ունեցած «Արագածոտնի պատմամշակութային նկարագիրը» խորագրով գիտաժողովում։ Այն կյանքի կոչվեց Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և Թալինի համայնքապետարանի համատեղ նախաձեռնությամբ և հայաստանյան առաջատար բուհերի, ինստիտուտների 32 գիտնականների և հետազոտողների մասնակցությամբ։ Գիտաժողովը նվիրված էր թալինցի մերօրյա հերոս Միհրան Ասատրյանի հիշատակին։ Ըստ էության, սա աննախադեպ միջոցառում էր, մարզում անցակցվում էր առաջին անգամ։

Գիտաժողովի մեկնարկը տրվեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի, Միհրան Ասատրյանի ընտանիքի անդամների ու հարազատների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչների, հյուրերի ներկայությամբ, այնուհետև շարունակվեց զեկուցումներով՝ մինչև ուշ երեկո։
Ներկաներին ողջունեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և նշեց, որ այս գիտաժողովը գիտական ուսումնասիրությունների ներկայացման, մասնագիտական արդյունավետ քննարկումների հարթակ է, և այսօրինակ նախաձեռնությունները հատկապես մարզերում շատ կարևոր են։
Այնուհետև մարզպետն անդրադարձավ Միհրան Ասատրյանին՝ բնութագրելով նրան որպես տաղանդավոր, նպատակասլաց հայ մարդու, որն իր ապրած կյանքն ու երիտասարդությունը ծառայեցրել է Հայաստանի, Թալինի զարգացմանը։ Մարզպետի խոսքով՝ մեր հերոսներին պետք է արժևորենք ու մշտավառ պահենք նրանց հիշատակը նաև նման միջոցառումներով։
«Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ ունեցել եմ Միհրանի նման ընկեր և շնորհակալ եմ նրա ծնողներին՝ այդչափ հայրենասեր որդի դաստիարակելու համար»,-ելույթում ասաց Սերգեյ Մովսիսյանը։
Ողջույնի խոսքում Տավրոս Սափեյանը, հիշատակելով Միհրան Ասատրյանի անունը, նկարագրեց նրան թե՛ որպես անփոխարինելի գործընկերոջ, թե՛ որպես բացառիկ մարդու և հայրենասեր զավակի։
Համայնքի ղեկավարն իր ուրախությունն արտահայտեց այն կապակցությամբ, որ Թալինը մեկտեղել է պատկառելի գիտնականների, երիտասարդ հետազոտողների, որոնք իրենց գիտական աշխատանքներում Արագածոտնը ներկայացնում են նոր լույսի ներքո, ուշադրություն սևեռում քիչ լուսաբանված թեմաների վրա։
Լսարանի ուշադրությանը ներկայացվեց Միհրան Ասատրյանի հայրենապաշտ կերպարը նկարագրող տեսանյութ, նրա մարդկային բարձր արժեքների, իրականացրած պետականամետ նախաձեռնությունների մասին հիացմունքով խոսեցին ընկերները։
Հագեցած օրակարգով գիտաժողովն ընթացավ 3 նիստերով, ընդհանուր հնչեցին 32 զեկուցումներ, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ հարցուպատասխան, ներկայացվեցին դիտարկումներ։
Գիտաժողովի բնույթն առավելապես ճանաչողական էր, նպատակը Արագածոտնում գտնվող պատմական արժեքավոր հուշարձանների, տեղանունների ստուգաբանության, մարզի բնակիչների սովորույթների, բնորոշ գծերի, ազգային ավանդույթների և Արագածոտնին հատուկ այլ երևույթների հանրահռչակումը, արժևորումն ու դրանց նորովի բացահայտումն էր։
Զեկուցողների՝ ԵՊՀ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ, ԳԱԱ ինստիտուտների, Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, ԿԳՄՍՆ և այլ կազմակերպությունները ներկայացնող գիտնականների ելույթները ամենատարբեր թեմաներով էին՝ հնագիտություն, պատմություն, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն, ժողովրդագրություն, ազգագրություն, պատմական հիշողություն, բարբառագիտություն, ճարտարապետություն, աշխարհագրություն, կրթություն, հոգևոր և մշակութային կենտրոններ, տպագրության պատմություն, բնական գիտություններ, Հայաստան, զբոսաշրջություն, քաղաքագիտություն։ Նշված ուղղություններով յուրաքանչյուր զեկուցում արժանացավ համակ ուշադրության։
Միջոցառումն ամփոփվեց ազգային երգ ու պարով։
Հավելենք՝ գիտաժողովի նյութերն առաջիկայում կտպագրվեն համապատասխան ժողովածուում։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11