Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

26.05.2023

 Սիրելի՛ շրջանավարտներ, ավարտական դասարանների աշակերտներ,

սրտագին բարեմաղթանքներով շնորհավորում եմ Վերջին զանգի և Վերջին դասի առիթով։
Այսօր ձեր կյանքի այն ոսկե ակնթարթն է, որն իր մեջ ամփոփում է դպրոցական գեղեցիկ հուշեր, ընկերական ջերմ ու անկեղծ հարաբերություններ և ազդարարում մուտք դեպի կյանքի նոր շրջափուլ։
Ես ուզում եմ, որ խանդավառությամբ լցվեք գալիքի հանդեպ ու չմարող հավատով մտնեք կյանքի նոր փուլ, որը ձեզ համար առավել պատասխանատու, մարտահրավերներով լի շրջան է դառնալու, և դուք դա պետք է հաղթահարեք այն հիմնարար գիտելիքներով, որոնք ստացել եք դպրոցում։
Վստահ եմ՝ դպրոցը կարողացել է ձեր մեջ աշխատասիրություն, կամք ու համառություն սերմանել, կերտել ձեզ որպես հայրենասեր ու հայրենատեր քաղաքացու, անհատի։
Այս գեղեցիկ օրով ես ուրախությամբ եմ արձանագրում, որ այսօր մենք պայծառ, առաջադեմ ու լայնախոհ սերունդ ունենք, երիտասարդներ, որոնք մեզ՝ ավելի ավագ սերնդիս, հավատ են ներշնչում վաղվա օրվա հանդեպ, իրագործելի են դարձնում հզոր ու մրցունակ պետություն ունենալու նվիրական նպատակը։
Սիրելի՛ շրջանավարտներ, եղեք նախաձեռնող, համարձակ, նպատակասլաց, շարունակեք կրթվել ու զարգանալ և ձեր մտավոր կարողությունները սրտացավորեն ի սպաս դրեք մեր պետության առաջընթացի գործին։
Լիահույս եմ, որ շատ շուտով դուք համալրելու եք մեր պետության քաջարի զինվորների, անվտանգության պահապանների, լավագույն մասնագետների, հասարակական, պետական գործիչների շարքերը։
Այս լուսավոր առիթով շնորհավորում եմ նաև մեր ուսուցիչներին, ծնողներին և շնորհակալություն հայտնում այն մեծ նվիրումի ու համատեղ ջանքերի համար, որոնք ներդրել եք սերունդ կրթելու և դաստիարակելու վեհ գործում։
Հույզեր կան, որ հատուկ են միայն Վերջին զանգին․ ձեզ համար այսօր այդ հույզերը վայելելու ակնթարթն է։
Կրկին շնորհավորում ու ձեզ բարի երթ եմ մաղթում, սիրելի՛ շրջանավարտներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34