Տպել
Նորություններ
Մարզխորհրդի նիստում ամփոփվեցին 2023 թ․ առաջին եռամսյակի գործունեության արդյունքները, ներկայացվեցին ընթացիկ աշխատանքները
25.04.2023
Օրակարգային 12 հիմնական հարցերի քննարկմամբ այսօր տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ՝ մարզխորհրդի նախագահ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ։
Ներկա էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչները, համայնքապետներ, ուժային կառույցների ղեկավարներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները, բժշկական կենտրոնների ղեկավարները, այլ անձինք։
Բացման խոսքում մարզպետը շնորհավորեց նիստին ներկա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Կարեն Գրիգորյանին և ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Հակոբյանին ՝ նոր պաշտոններ ստանձնելու առիթով և մաղթեց բեղմնավոր աշխատանք։
Այնուհետև մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ապրիլի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի վրա և շեշտեց, որ բոլորիս հանձնառությունը պետք է լինի այս կարևոր նախաձեռնությունը լավագույնս կյանքի կոչելը, լայն ընդգրկվածություն ապահովելը։
Մարզխորհրդի նիստը հագեցած էր տեղեկատվությամբ, որն արտացոլում էր 2023 թվականի առաջին եռամսյակում մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, գյուղատնտեսական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքացիական պաշտպանության, բնօգտագործման և այլ ոլորտներում իրականացված և մեկնարկած աշխատանքները։ Նիստի զեկուցողները մարզպետի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարներ և ներկայացուցիչներ էին։
Ներկայացնելով օրակարգային առաջին հարցը, այն է՝ «Մարզի համայնքների 2024-2026 թթ․ ՄԺԾԾ հայտերի կազմման աշխատանքների վերաբերյալ», մարզպետը խոսքը տրամադրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանին։ Վերջինս զեկուցեց նաև օրակարգում ներառված հաջորդ հարցը՝ «Մարզում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վճարման ռիսկայնության վերաբերյալ»։
Հաջորդ զեկուցողը ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանն էր, ով հաշվետվություն ներկայացրեց տարբեր թեմաների շուրջ՝ «Մարզի համայնքներում ամենամյա չօգտագործված արձակուրդների», «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների», «Բնակչության ազդարարումն ապահովելու նպատակով մարզում ազդարարման համակարգի ներդրման» վերաբերյալ։
«Մարզում 2024 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի հայտերի և տեխնիկական բնութագրերի ներկայացման կարգի մասին» հարցը պարզաբանեց զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։
«Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021-2023թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների», ապա «Ինքնակամ շինությունների մասով օրենսդրական փոփոխություններից հետո համայնքների կողմից իրականացվելիք աշխատանքների» վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը։
Հաջորդ զեկուցումը գյուղոլորտի վերաբերյալ էր․ «Մարզում 2022թ. աշնանացան ցորենի սուբսիդիայի մոնիթորինգի և գարնանացանի ընթացքի մասին» տեղեկատվության հաղորդմամբ հանդես եկավ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրի Ազատյանը։
Նիստն ամփոփվեց ՄՀՊՏ ավագ մասնագետ Գրիգոր Մանուկյանի՝ հետևյալ թեմաների շուրջ զեկուցումներով՝ «Հողագրունտի հանույթի և հողի բերրի շերտի օգտագործման կարգերը պահպանելու մասին» և «Ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխման վերաբերյալ»։
Հաշվետվությունների շուրջ մարզպետը դիտարկումներ ներկայացրեց, վերհանեց առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ հանձնարարականներ տվեց։
Եզրափակելով նիստը՝ Սերգեյ Մովսիսյանը բոլորին բեղմնավոր աշխատանքային շաբաթ մաղթեց։