Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետը շրջայց է կատարել Արագածոտնի համայնքներում, դիտարկել պետական ծրագրերի ընթացքն ու զրուցել մարզի բնակիչների հետ

04.04.2023

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցը հագեցած էր․ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի,համայնքապետերի և պաշտոնատար այլ անձանց հետ նա շրջեց Արագածոտնի մի քանի համայնքներում ու ծանոթացավ պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։ Շրջայցերի ընթացքում Վարչապետը նաև զրուցեց անցորդների՝ դպրոցահասակ երեխաների, ուսուցիչների, քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակիչների հետ, լսեց նրանց հուզող հարցերը, հետաքրքրվեց խնդիրներով։

Համայնքային այցերի շրջանակում Վարչապետի առաջին կանգառը Օհանավան և Արտաշավան բնակավայրերն էին․ Օհանավանում նա դիտարկեց «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» կառուցվող դպրոցի շինաշխատանքները, Արտաշավանում՝ մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Հաջորդիվ, Թալին համայնքում, Վարչապետը եղավ պետական բյուջեի միջոցներով վերակառուցվող բժշկական կենտրոնում, ծանոթացավ ընթացիկ շինարարական աշխատանքներին: Վարչապետն այցելեց նաև Թալին քաղաքի նորակառույց կենտրոնական պուրակ, որը կառուցվել է 2022թ. սուբվենցիոն ծրագրով:
Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գառնահովիտ և Լուսակն գյուղական բնակավայրերն էին, որտեղ կառուցվում են միջնակարգ դպրոցների մոդուլային տիպի շենքեր՝ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով։
ՀՀ Վարչապետը Արագածոտնի մարզի Զովասար և Կարմրաշեն բնակավայրերում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդների հիշատակին։
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին:
Վարչապետը ծանոթացել է նաև Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհահատվածի ընթացիկ վիճակին, որը բարեկարգվել է «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակում: Շուրջ 952 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրով ասֆալտապատվել է 9.5 կմ ճանապարհ: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել ճանապարհային գծանշումների թարմացման անհրաժեշտության վրա՝ նշելով, որ ճանապարհաշինության կարևոր բաղադրիչ են նաև պատշաճ կահավորումն ու սպասարկումը:
Վարչապետի աշխատանքային այցի վերջին կանգառը Արագածավան բնակավայրն էր, որտեղ նա ծանոթացավ 2020թ. հիմնված սպանդանոցի գործունեությանը: Նշվեց, որ ներդրման ծավալը կազմում է 70 մլն ՀՀ դրամ, ներկայացվեցին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթի համար ստեղծված պայմանները և ենթակառուցվածքի կարողությունները:
Աշխատանքները դիտարկելիս Վարչապետը զրուցեց շինարարների հետ և հանձնարարեց հետևողական լինել շինարարական աշխատանքների բարձր որակի ապահովման հարցում։ Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հավաստիացրեց, որ պետական և սուբվենցիոն ծրագրերն ավարտին կհասցվեն ողջամիտ ժամկետներում և պատշաճ որակով

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 18:19:20